ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում ի սկզբանե առ ոչինչ է․ ՀՅԴ-ի հայտարարությունը մոսկովյան հանդիպումից առաջ

2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանն ընդառաջ ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «հնարավոր նոր հակասահմանադրական քայլերի» դիմելու հետ կապված։

«Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է, որովհետև ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, ինչպես և կորցրել է իր քաղաքական օրինականությունը։ ՀՀ վարչապետի մասնակցությամբ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած ընդունված որևէ հակասահմանադրական որոշման համար պատասխանատու են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր մակարդակների ընտրված կամ նշանակված պաշտոնյաները։ Այդ պաշտոնյաները պարտավոր են ամեն ջանք թափել կասեցնելու հակասահմանադրական այդ քայլերի աղետալի ընթացքը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և երկու պետությունների շահերը»,- ասվում է հայտարարությունում։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյությանը, անվտանգությանը և անկախությանը սպառնացող ընթացքը կասեցնելու ամենաճիշտ տարբերակը, ըստ ՀՅԴ Բյուրոյի՝ ՀՀ վարչապետի հեռացումն է, որը հնարավորություն կտա ազգային միասնականությամբ դիմագրավելու բոլոր սպառնալիքները։

Կուսակցության ղեկավար մարմինը նաև ուշադրություն է հրավիրում փաստի վրա, որ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է նոր իրավիճակ, երբ չկարգավորված է մնում Արցախի հիմնահարցը՝ նոր անորոշություններով հանդերձ։

«Առ այդ, միաջազգային համայնքի կողմից հարցի կարգավորման միջնորդությամբ լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, շարունակելով համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից արդեն իսկ իրականացված՝ պատերազմը դադարեցնելու և խաղաղապահ ուժեր տեղակայելու դրական միջնորդական նախաձեռնությունները, պարտավոր են քայլեր ձեռնարկել կասեցնելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայությանը սպառնացող ծրագրերը, տարածաշրջանում հաստատելով կայունություն և խաղաղություն՝ միջազգային օրենքի և սկզբունքների համաձայն կարգավորելու Արցախի հիմնահարցը»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել