Զանգելանից դուրս է բերվել 14 զինծառայողի մարմին, առ այսօր հայտնաբերվել է 1 211 աճյուն

Հունվարի 10-ին Կովսականից (Զանգելան) դուրս է բերվել 14 զինծառայողի աճյուն: ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նախօրեին որոնողական խմբերը Սյունիքի մարզով մտել են Կովսական (Զանգելան) և դուրս բերել 14 զինծառայողի աճյուն: Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել են 1 211 զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ»,- տեղեկացրեց Հունան Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ այսօր՝ հունվարի 11-ին, որոնողական աշխատանքներ են իրականացվելու Մարտունու, Հադրութի, Ջրականի (Ջաբրայիլ), Սանասարի (Կուբաթլու) հատվածներում և Ասկերանի շրջանի Սղնախ համայնքում։

Մեկնաբանել