Եթե գերիների հարցը մեկ օրվա մեջ լուծում ստանալու լիներ, ապա շուտ լուծված կլիներ․ Այվազյան

Բոլորս հասկանում ենք, որ գերիների հարցը մեկ օրվա մեջ լուծման հարց չէ: Բոլորս հասկանում ենք, եթե այդ հարցը մեկ օրվա մեջ լուծում ստանալու լիներ, ապա դա շուտ լուծված կլիներ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

Նրա խոսքով՝ գերիների խնդիրը առաջնային է Հայաստանի համար, հունվարի 11-ին և՛ եռակողմ, և՛ երկկողմ ձևաչափերում, ըստ նրա՝ վարչապետը հատուկ անդրադարձել է այս հարցին:

«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում: ԱԳՆ-ն նույնպես յուրաքանչյուր առիթը բաց չի թողնում, որպեսզի այս հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն և զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձևավորելը, և եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունները կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մենք դժվար ենք պատկերացնում, որ մնացած բոլոր խնդիրները կարող են կյանքի կոչվել»,- նշեց Արա Այվազյանը։

ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ գերինեի հարցը կստանա իր դրական լուծումը: Նա կոչ արեց վստահել հայկական կողմի ջանքերին։

Մեկնաբանել