Ասկերանի շրջանի երկու համայնքներում հայտնաբերվել է կորոնավիրուսի օջախ. սահմանվել է մասնակի կարանտին

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում հայտնաբերվել է կորոնավիրուսի օջախ. այս մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարարությունը:

Հունվարի 15-ի դրությամբ կատարված թեսթավորումների արդյունքում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքերում հայտնաբերվել է կորոնավիրուսի օջախ:

Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հիշյալ համայնքների բնակիչների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել համայնքների հաստատված օջախներում, այդ թվում ուսումնական հաստատություններում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 174 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18 184 թեստավորում:

Մեկնաբանել