Սյունիքում ականի պայթյունից 2 փրկարար է վիրավորվել

Սյունիքի մարզում որոնողական աշխատանքներ իրականացնելիս ականի պայթյունից վիրավորվել է ԱԻՆ 2 փրկարար։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Այսօր՝ ժամը 12:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի Նռնաձոր գյուղի հարակից տարածքում`  պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս, ականի պայթյունի հետևանքով վիրավորում են ստացել ԱԻՆ փրկարար ծառայության կապիտան Արտյոմ Շահնազարյանը և ենթասպա Արամ Նավասարդյանը»,- հայտնում է գերատեսչությունը։

Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել են Կապանի հիվանդանոց: