2020 թ․ 1000 խոշոր հարկատուները 74 մլրդ դրամ ավելի քիչ հարկ են վճարել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թ. հարկային տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարի վճարել են 987,6 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ պակաս է 74 մլրդ դրամով կամ 7%-ով:

2020 թ. ֆինանսական տարվա արդյունքներով՝ երկրի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 50,6 մլրդ դրամ: 2019 թ. նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 57 մլրդ դրամ և կրկին առաջինն էր 1000 խոշոր հարկատուների ցանկում։

2-րդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիան» է՝ 45,5 մլրդ դրամ վճարած հարկերով: 2019 թ. ընկերության մուտքերը կազմել էին 43,6 մլրդ դրամ:

«Գազպրոմ Արմենիային» հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որի վճարած հարկերը կազմել են 41,6 մլրդ դրամ՝ 2019 թ. 51,3 մլրդ դրամի փոխարեն:

4-րդ խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն 2020 թ. ընթացքում վճարել է 23 մլրդ դրամ հարկ: 2019 թ․ ընկերության մուտքերը 13,6 մլրդ դրամ էին:

5-յակը եզրափակում է «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը»՝ 18,7 մլրդ դրամ հարկով: 2019 թ. տվյալներով՝ «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը» վճարել էր 19,2 մլրդ դրամ:

«ՍիփիԷս Օիլ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 6-րդն է՝ 17,9 մլրդ դրամով, որին հաջորդում են «Ֆլեշը»՝ 16 մլրդ դրամ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»՝ 15,2 մլրդ դրամ, «Ջեյ Թի Այ Արմենիան»՝ 14,7 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստանը», որը 2020 թ. ընթացքում վճարել է 13 մլրդ դրամ:

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 4-ը ներկայացնում են ծխախոտի արտադրության և վաճառքի, 3-ը՝ էներգակիրների ներմուծման, 2-ը՝ հանքարդյունաբերության և 1-ը՝ կապի ոլորտները։

2019 թ. համեմատ 2020 թ. 1000 խոշոր հարկատուների տասնյակում մեծ փոփոխությունների տեղի չեն ունեցել։ Առաջին 9 ընկերություններից որոշներն ուղղակի բարձրացել կամ իջել են մեկ կամ մի քանի տեղով։ Միայն 2019 թ․ 10 խոշոր հարկատու «Վեոն Արմենիային» (Beeline) փոխարինել է «ՄՏՍ Հայաստանը»։

2020 թ. 1000 խոշոր հարկատուների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մեկնաբանել