Ռուսաստանը բացո՞ւմ է սահմանը ՀՀ քաղաքացիների համար

Առաջիկա օրերին «Արմենիա» ավիաընկերությունը կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի Ռուսաստան։ Այս մասին հունվարի 21-ին հայտնել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան կանոնավոր չվերթները կվերսկսվեն առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, այս ամսվա վերջին: «Հայաստանի քաղաքացիները կկարողանան անարգել մուտք գործել Ռուսաստան, եթե ունենան Covid 19-ի թեստի բացասական արդյունքը», – գրել է Խաչատրյանը Facebook-ի իր էջում:

Հայաստանի ԱԳՆ-ից ոչ հաստատում, ոչ հերքում են «Արմենիա» ավիաընկերության տարածած տեղեկությունն առ այն, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել մուտք գործել Ռուսաստան, եթե ունենան Covid 19-ի թեստի բացասական արդյունք:

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կվերացնեն ելքի և մուտքի փոխադարձ արգելքները:

Նրա խոսքով, կստեղծվի մի համակարգ, և անձը թեստ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: Փոխվարչապետը սակայն այդ համակարգի գործարկման հստակ ժամկետներ չնշեց:

ՀՀ կառավարությունն այդ մասին 2020-ի դեկտեմբերի 27-ին արդեն իսկ որոշում է ընդունել, հիմա սպասում են նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել։