Ով է Շահին Մուստաֆաևը

Ռուսական РБК-ն, հղում կատարելով Ռուսաստանի ու Հայաստանի կառավարություններում իր աղբյուրներին, հաղորդել է, որ այսօր՝ հունվարի 27-ին, Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը՝ քննարկելու Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների կառուցումը։ Ո՞վ է 55-ամյա Մուստաֆաևը:

Ազգայնական, իշխանական ու տարատեսակ այլ շրջանակների կողմից առաջին անգամ թիրախավորված հարձակման ենթարկվեցի 2014-ի փետրվարին, երբ ՍիվիլՆեթի կայքում դրվեց իմ և օպերատոր Ազատ Գևորգյանի ֆիլմը Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևի մասին:

Այսօր՝ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո, ես նման ֆիլմ չէի նկարի, բայց բացարձակապես չեմ ափսոսում, որ այսօր արդեն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մասին տեսանյութ եմ նկարել յոթ տարի առաջ:

Մեծ հաշվով, այդ ֆիլմը ոչ թե Մուստաֆաևի, այլ նրա հայ ուսուցիչների, հարևանների, Տավուշի Ջուջևան գյուղի մասին է: Այս ֆիլմը, եթե կուզեք, նաև իմ դպրոցական քաղցր անցյալի և իմ սիրելի դպրոցի մասին է, որտեղ սովորել է նաև Շահին Մուստաֆաևը:

Մուստաֆաևները Ջուջևան գյուղի միակ ադրբեջանական ընտանիքն էին: Շահինի հայրը Ջուջևան էր տեղափոխվել Ադրբեջանի գյուղերից մեկից և անասուն էր պահում: Շահինը՝ ծննդականով Շահեն, ծնվել է Հայաստանում, մինչև 8-րդ դասարանը սովորել գյուղի 8-ամյա դպրոցում, իսկ 9-10-րդ դասարանները՝ Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում:

Իմ հիշողության մեջ մնացել էր նրա նկարը դպրոցի պատին, որպես ոսկե մեդալակիր և այդ դպրոցի պատմության ամենախելացի շրջանավարտներից: Տարիներ անց, երբ արդեն զինադադար էր հաստատվել, ադրբեջանական մամուլում կարդացի նրա մասին, իսկ երբ 2008-ին դարձավ նախարար Իլհամ Ալիևի կառավարությունում, որոշեցի մի բան գրել:

Մի բան այդպես էլ չգրեցի, բայց 2014-ին նկարեցինք այս ֆիլմը:

ՍիվիլՆեթի կայքում և Յութուբում տեղադրելուց հետո հայհոյանքի, սպառնալիքների ու պիտակավորումների հեղեղ սկսվեց իմ և ՍիվիլՆեթի դեմ: Մեկը ծաղրանքով գրել էր, որ ես պետք է Ադրբեջան գնամ և նկարեմ թուրք Մուստաֆաևին՝ որպես ֆիլմի երկրորդ մաս:

Իրականում, հենց այդպես էլ մտածել էի: Այո, կցանկանայի գնալ և նկարել Մուստաֆաևին: Ես համոզված էի, որ պատերազմը կանխող քայլերից մեկն էլ հենց մարդկային պատմություններն են:

Այդ ֆիլմում ես չկարողացա տեղավորել մի դրվագ միայն:

Երբ վերջացրինք երկօրյա նկարահանումները, այցելեցինք նաև Մուստաֆաևների տուն: Ֆիլմը այդպես էլ ավարտվում է: Ինձ հետաքրքրում էր, թե ով է այսօր ապրում այդ տանը: Ինձ դիմավորեց մարդ, որի հետ ազգակցական, արյունակցական կապ ունեմ: