Իսպանիան բյուջեի մասին նոր օրենք է ընդունում

«Այս օրենքը հիմք է դնում բյուջեի դեֆիցիտի վերացմանն ուղղված միջոցառումների համար և նպաստում, որ Իսպանիան կրկին դառնա Եվրամիության հուսալի անդամը»,- հայտարարել է Իսպանիայի բյուջեի նախարար Կրիստոբալ Մոնտորոն։

Նոր օրենքի համաձայն՝ Իսպանիայի բյուջեն մինչև 2020թ. պետք է հավասարակշռվի, իսկ պարտքային ընդհանուր ծանրաբեռնվածությունը նվազի մինչև ՀՆԱ-ի 60%-ը։ Կառավարության կանխատեսմամբ՝ հաջորդ տարի այս ցուցանիշը պետք է կազմի ՀՆԱ-ի 80%-ը։

Եթե ապրիլի վերջին խորհրդարանի վերին պալատը հաստատի օրենքը, ապա Մադրիդը հնարավորություն կունենա հարկադրել շրջաններին սահմանված նորմերը գերազանցելու դեպքում անցնել ծախսերի ավտոմատ կրճատման։ Այն դեպքում, եթե իրավիճակը շարունակի բարդ մնալ, ապա Մադրիդը կարող է ամբողջությամբ ստանձնել շրջանի բյուջեի կառավարումը։

Իսպանիայի ինքնավար շրջանները, որոնք վերջին 30 տարում ավելի ու ավելի շատ լիազորություններ են ստացել, պատասխանատու են իրենց բյուջեների համար, որը հավասար է ՀՆԱ-ի 2,5%-ին։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ իսպանական 10-ամյա պետպարտատոմսերի եկամտաբերությունը կազմել էր տարեկան 5,844%, ինչը առավելագույն ցուցանիշն է անցած տարվա դեկտեմբերից ի վեր։ Ներկայում երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը հերքում է բոլոր լուրերն այն մասին, որ Մադրիդը կարող է ֆինանսական լրացուցիչ աջակցության կարիք ունենալ։

Մեկնաբանել