Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը մոտ 92 տոկոս է․ Lancet ամսագիր

Lancet գիտական ամսագիրը հրապարակել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները։ Նախնական տվյալներով՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6 տոկոս է։

Ինչպես ընդգծում են գիտնականները, նույնպիսի արդյունավետություն է գրանցվել 60-ից բարձր անձանց խմբում։

Ինչպես ասուլիսում հայտնել է ռուսաստանյան Գամալեա կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը, գիտնականները եկել են եզրահանգման, որ «Սպուտնիկ V»-ից հետո դիմադրողականությունը կարող է պահպանվել «առնվազն երկու տարի և ավելի»։

Հետազոտողների տվյալներով՝ «Սպուտնիկ V»-ն 100 տոկոսով պաշտպանում է միջին և ծանր Covid-19-ից։ Հետազոտության ընթացքում գրանցվել է մի քանի մահ, բայց դեպքերը կապված չեն պատվաստանյութի հետ, նշում է Lancet ամսագիրը։

Օրերս հայտնի է դարձել, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ COVID-19-ի դեմ ձեռք կբերի բրիտանական AstraZeneca ընկերության պատվաստանյութը՝ բնակչության 3%-ի համար։

Մեկնաբանել