Արարատի մարզպետարանը հերքում է Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին լուրը

Վարչապետի այցի ընթացքում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին հարց չի քննարկվել։ Արարատի մարզպետարանը համացանցում տարածվող լուրերի վերաբերյալ ֆեյսբուքի իր էջում հերքում է տեղադրել։

«Տեղեկացնում ենք, որ որոշ լրատվամիջոցներում հայտնված այն տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը՝ իրականությանը չի համապատասխանում: Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ: Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»,- ասվում է հաղորդագրությունում։

Փետրվարի 3-ին վարչապետի գլխավորությամբ Արարատի մարզպետարանում տեղի էր ունեցել խորհրդակցություն։ Քննարկվել էին 2020-ի արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը։ Խորհրդակցությունից հետո Փաշինյանը շրջել էր Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ:

Մեկնաբանել