Բայդենի արտաքին քաղաքականությունը․ ի՞նչ սպասել Հարավային Կովկասում 

Փետրվարի 4-ին տեղի ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի նոր պետքարտուղար Էնտոնի Բլինկենի առաջին հեռախոսազրույցը։ 

Ռուսաստանի հետ հարաբերությունները նախագահ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում են և դրանց ընթացքն զգալի ազդեցություն է թողնելու մի շարք տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի անվտանգային դինամիկայի զարգացման վրա։ 

Ի տարբերություն Թրամփի վարչակազմի, որին աշխատանքի չորս տարիների ընթացքում անընդհատ ուղեկցում էին խառնաշփոթն ու բարձրաստիճան պաշտոնյաների անդադար փոփոխությունները, Բայդենի վարչակազմում աշխատանքի են անցել պետական կառավարման և արտաքին հարաբերությունների ոլորտում զգալի դերակատարում ունեցող արհեստավարժներ։ 

Նրանց զգալի մասը Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի հետ աշխատելու մեծ փորձ ունի։ Ինքը՝ Բայդենը, փոխնախագահի կարգավիճակով կանգնած էր 2009 թ. ռուս-ամերիկյան հարաբերությունների «վերագործարկման ակունքներում», և լավատեղյակ է այդ գործընթացի ձախողման հիմնական պատճառներին։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ներկայիս ղեկավարները նաև Ռուսաստանի հետ դիմակայության մեծ փորձ ունեն և անցել են 2013-2014 թթ․ ուկրաինական ճգնաժամի բոլոր փուլերով։

Պաշտոնավարման առաջին երկու շաբաթների ընթացքում Բայդենի աշխատակազմը կարողացավ Ռուսաստանի հետ համաձայնության գալ 2010 թ. ստորագրված և 2021 թ. փետրվարի 5-ին ուժը կորցնող «Ռազմավարական սպառազինությունների կրճատման համաձայնագրի» գործողության ժամկետը հինգ տարով երկարաձգելու հարցի շուրջ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, սա միակ հարցն էր, որտեղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերը համընկնում էին։ 

Բայդենի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ դժգոհությունների մեծ շարք ունի. միջամտություն 2016 և 2020 թթ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, 2020 թ. ԱՄՆ-ի պետական հաստատությունների դեմ զանգվածային կիբեռ հարձակման իրականացում, Ուկրաինայի և Վրաստանի տարածքների բռնակցում կամ օկուպացիա, Ռուսաստանում ժողովրդավարական ազատությունների սահմանափակում։ Վերջին օրերին դրանց ավելացել է նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ազատազրկումը։

Փետրվարի 4-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Բլինեկնը այս բոլոր հարցերը բարձրացրել է։ Սերգեյ Լավրովն իր հերթին մտահոգություն է հայտնել 2020 թ. նոյեմբերին կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնող քաղաքացիների նկատմամբ ամերիկյան իրավապահ համակարգի վերաբերմունքից և կոչ է արել ամերիկացի գործընկերոջը ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը և օրինական դատավարական գործողությունների իրականացումը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դատական համակարգի նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։

Հասկանալի է, որ ռուս-ամերիկյան հարաբերություններին «երկրորդ վերագործարկում» չի սպառնում։ Սակայն սա չի նշանակում, որ կողմերը միմյանց հետ չեն բանակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում։ 2021 թ. փետրվարի 4-ին պետքարտուղարությունում ունեցած իր ելույթում նախագահ Բայդենը ընդգծել է դիվանագիտության կարևորությունը ԱՄՆ-ի նոր վարչակազմի համար։ Ռուսաստանից պահանջելով անմիջապես ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին՝ Բայդենը նաև ընդգծել է Կրեմլի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։

Ամենայն հավանականությամբ, Բայդենի վարչակազմի օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները ինչ-որ առումով կնմանվեն ներկայիս ռուս-թուրքական հարաբերություններին. որոշակի հարցերում համագործակցություն, իսկ մի շարք խնդիրներում՝ կոշտ դիմակայություն։ Համագործակցություն հնարավոր է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թ. ստորագրված համաձայնագիրը լիարժեք վերականգնելու, Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը նվազեցնելու, կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցերում։ Միևնույն ժամանակ հետխորհրդային տարածաշրջանում ԱՄՆ-ը շարունակելու է մերժել «լեգիտիմ օրինական շահեր ունենալու» Ռուսաստանի իրավունքը, շարունակվելու են պատժամիջոցները Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Այս առումով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Հարավային Կովկասում։ 2020 թ. արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանը փաստացի բաժանվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև, ընդ որում, չի բացառվում, որ առկա են ռուս-թուրքական պայմանավորվածություններ նաև Վրաստանը միմյանց միջև կիսելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ 3+3 ձևաչափի գործարկման առաջարկությամբ Ռուսաստանը և Թուրքիան փաստացի Իրանին առաջարկում են ընդունել ստեղծված նոր իրողությունները և դրա դիմաց տեղ գրավել տարածաշրջանի ապագան որոշող ռուս-թուրքական սեղանի շուրջ։ Իրանը միշտ էլ հանդես է եկել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներգրավման դեմ, և ամենայն հավանականությամբ, պատրաստ է ընդունել ռուս-թուրքական խաղի նոր կանոնները։

Հաշվի առնելով Բայդենի վարչակազմի՝ հետխորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազմանը միտված ռազմավարությունը, առաջին հայացքից կարող է թվալ, որ 3+3 ձևաչափը դեմ է ԱՄՆ-ի շահերին, և Վաշինգտոնն ամեն ինչ անելու է դրա ձևավորումը կանխելու ուղղությամբ։ Սակայն իրավիճակն այդքան էլ միանշանակ չէ։ Չպետք է մոռանալ, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ, հետևաբար 3+3 ձևաչափում եվրոատլանտյան հանրույթը, թեկուզև անուղղակի, սակայն ներկայացված լինելու է։ Այս համատեքստում ավելի է մեծանում ԱՄՆ – Թուրքիա հարաբերությունների հեռանկարների կարևորությունը։ Այստեղ վերջին օրերին նկատվում է լարվածության աճ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրապարակային մեղադրել է ԱՄՆ-ին 2016 թ. հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, ինչին ի պատասխան 2021 թ. փետրվարի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը որևէ առնչություն չունի ռազմական հեղաշրջման փորձի հետ, և թուրք բարձաստիճան պաշտոնյաների հայտարարությունները չեն համապատասխանում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ կարգավիճակին։

Անհրաժեշտ է նշել, որ 2016 թ. հուլիսին Բայդենը զբաղեցնում էր ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնը և անմիջական մասնակցություն ուներ արտաքին քաղաքական ռազմավարական որոշումների ընդունմանը։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի հայտարարությունը նշանակում է ուղիղ մեղադրանք անձամբ Բայդենին՝ ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Երկկողմ հարաբերություններում լարվածության աճը վկայում է կամ Բայդենի վարչակազմի հետ հարաբերությունները բարելավելու նախագահ Էրդողանի ցանկության բացակայության, կամ էլ երկկողմ քաղաքական առևտրից առաջ դիրքերն ամրապնդելու ցանկության մասին։ 

Եթե ԱՄՆ-ը և Թուրքիան մոտ ապագայում գնան հարաբերությունները բարելավելու ճանապարհով, ապա ԱՄՆ-ը դժվար թե ակտիվորեն պայքարի Հարավային Կովկասում ռուս-թուրքական պայմանավորվածությունների դեմ՝ տարածաշրջանում սեփական շահերի պաշտպանությունը հանձնելով Անկարային։ Այս դեպքում Հայաստանը կունենա միայն մեկ խնդիր՝ Ռուսաստանի հետ երկխոսությամբ փորձել կանխել Հայաստանի Հանրապետության և ռուսական պրոտեկտորատի վերածված Արցախի մնացորդների շահերի հետագա ստորադասումը ռուս-թուրքական քաղաքական առևտրում։

Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանն ուղղված ԱՄՆ-ի ակտիվ քաղաքականությունը ևս բավականաչափ խնդրահարույց է Հայաստանի համար։ Ներկայում Հայաստանը ավելի շատ է կախված Ռուսաստանից, քան երբևէ սկսած 1991 թ. սեպտեմբերից։ Ռուսաստանն է ապահովում ոչ միայն Արցախի բնակչության, այլև Հայաստանի առնվազն Սյունիքի մարզի բնակչության ֆիզիկական անվտանգությունը, և ցանկության դեպքում Մոսկվան շատ արագ կարող է զիջումներ անել Ադրբեջանին Հայաստանի հաշվին։ Սա նշանակում է, որ Հայաստանը առաջիկայում չունի որևէ այլընտրանք, բացի կա՛մ Ռուսաստանի բոլոր պահանջները լռելյայն կատարելուց, կա՛մ Արցախի մնացորդներից ու առնվազն Սյունիքի մարզի մի մասից հրաժարվելուց։ 

Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պայքարը ներառելու է նաև Հայաստանը։ Այս դեպքում Հայաստանի կենսական շահերը ենթադրում են պաշտոնական Երևանի հակադրում ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությանը, ինչն իր հերթին Հայաստանի համար կարող է հավելյալ խնդիրներ ստեղծել, առաջին հերթին՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից պարտքով հավելյալ գումարներ ներգրավելու խնդրում, որի կարիքը Հայաստանն ունի։