Ոստիկանությունը պատասխանել է ընտրացուցակների մասին մոնիթորինգային խմբի հարցերին

Ազգային ժողովում տեղի ունեցած ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի հերթական` երրորդ հանդիպմանը մասնակցել են նրանում ընդգրկված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանն ու անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: Վերջիններս հանգամանալից ներկայացրել են ընտրական ցուցակների կազմման, դրանց առավելագույն ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Խմբին մտահոգող կարևորագույն հարցերից էր եղել մեկ անձի` մի քանի անձնագիր ունենալու մասին լրատվամիջոցների հրապարակումները: Փոխոստիկանապետը հիշեցրել է ՀՀ քաղաքացուն անձնագիր տրամադրելու ողջ գործընթացը, որով բացառել է նման դեպքերի հնարավորությունը: Ըստ նրա` ոստիկանությունում խնդիր է դրված անդրադառնալ մամուլում տեղ գտած բոլոր հաղորդագրություններին: Նշվել է, որ գործող Ընտրական օրենսգրքով ավելի հրապարակային են դարձել ընտրական ցուցակները, որոնք տեղակայված են համացանցում, և յուրաքանչյուր մեկը հնարավորություն ունի դրանք ստուգելու, առկա անճշտությունները շտկելու: Տեղեկացվել է, որ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում ստեղծվել է թեժ գիծ, որի միջոցով մինչ օրս ստացվել է 95 ահազանգ` կապված ընտրությունների ցուցակների անճշտությունների հետ: Բոլոր ահազանգերին տրվել են պարզաբանումներ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման մասնակիցները դժվարացել են ներկայացնել կրկնակի անձնագիր ունենալու գեթ մեկ փաստ:

Անդրադառնալով մեկ հասցեում մի քանի անձանց գրանցված լինելու փաստերին` փոխոստիկանապետը նշել է, որ դա օրենքով սահմանափակված չէ, եթե առկա է տվյալ տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը: Հնչել են նաև արտերկում բնակվող ՀՀ քաղաքացիների` ընտրություններին մասնակցելու կարգին, նրանց հաշվառման հետ կապված խնդիրներին, ընտրացուցակներում մահացած մարդկանց անունների առկայությանը վերաբերող հարցեր: Վերջինիս առնչությամբ պարոն Օսիկյանը նշել է, որ դա պայմանավորված է մահացածների մասին հաշվառման ռեգիստրին պատշաճ կարգով չտեղեկացնելով: Այժմ ոստիկանության տեսուչները տեղերում աշխատանքներ են տանում մահացած անձանց հաշվառումից հանելու ուղղությամբ: Այս գործում ևս փոխոստիկանապետը կարևորեց քաղաքական ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների աջակցությունը: Նա պատասխանել է առաջադրված բոլոր հարցերին` յուրաքանչյուր դեպքում ներկայացնելով այն օրենսդրական հիմքը, որով լուծում է տրված կամ հնարավոր է կարգավորել դրանք:

Մեկնաբանել