Հայաստանում կանցկացվի «Ազգային գրադարանային շաբաթ»-ը

Ազգային գրադարանային շաբաթի նպատակն է, ըստ ՀՀ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքի, գրքի, գիտելիքի և ընթերցանության դերի վերաիմաստավորումը, գրագետ և տեղեկացված հասարակության ձևավորումը ի շահ մտավոր արժեքների պահպանման:

Շաբաթի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գիտության, մշակույթի և գրականության նշանավոր դեմքերի հետ: Կկազմակերպվեն ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, գրադարանային բազմապիսի միջոցառումներ, որին կմիանան նաև մարզային գրադարանները:

Ապրիլի 16-ին Հայաստանի ազգային գրադարանում, մայրաքաղաքի, մարզային և համայնքային գրադարաններում տեղի կունենա Ազգային գրադարանային շաբաթի բացումը: Ապրիլի 17-ը հայտարարաված է հայկական գրատպության 500-ամյակին նվիրված օր: Բոլոր գրադարաններում կանցկացվեն միջոցառումներ` նվիրված այդ հոբելյանին: Ապրիլի 18-ը հոբելյանական միջոցառումների օր է. նշվելու է Մեսրոպ Մաշտոցի 1650, Անանիա Շիրակացու 1400, Սայաթ Նովայի 300, Հովսեփ Օրբելու 125 և հայ մշակույթի այլ երախտավորների հոբելյաններ: Ապրիլի 19-ին կանցկացվի հայ գրատպության 500-ամյակին նվիրված դպրոցականների ստեղծագործական շարադրությունների մրցույթ: Ապրիլի 20-ի միջոցառումները նվիրված են մայրաքաղաք Երևանին: «Երևան, իմ բարի քաղաք» խորագրով կներկայացվի 2012 թ. գրքի համաշխարհային մայաքաղաքը` Երևանը: Ապրիլի 21-ը գիրք նվիրելու և ընտանեկան ընթերցանության օր է: Ապրիլի 22-ին տեղի կունենա աշխարհի այբուբենների թատերականացված շքերթ:

Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 23-ին:

Մեկնաբանել