Սուդանները՝ նոր պատերազմի շեմին

Պատերազմելու առիթ՝ որքան ուզես։ Հարավային Կորդոֆան և Կապույտ Նեղոս նահանգներում ապստամբների դեմ մարտնչում են և՛ Սուդանի, և՛ Հարավային Սուդանի կանոնավոր բանակները, սակայն Խարտումն ու Ջուբան միմյանց ակտիվ մեղադրում են խռովարարներին աջակցելու մեջ։ Իսկ ապագա հավանական պատերազմի պատճառը մրցակցությունն է նավթի արտահանումից ստացվող եկամուտների համար։ Այստեղից էլ՝ կրքեր վիճելի տարածքի՝ Հեգլիգ նավթային հանքավայրի շուրջ, որը Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմամբ՝ Խարտումին է պատկանում։ Սակայն Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրի մտերիմ էլիտան արագ հասկացավ՝ ինչն ինչոց է։ Ու խորհրդարանում չթողեց անցկացնել «նավթային գործարքների թափանցիկության մասին օրենքը», քանի որ այդ գործարքների մասին տվյալների հրապարակումը Խարտումին կծանոթացներ նավթային գործերի ընթացքին։ Իսկ դա պարոն Կիիրի շրջապատում համարում են վնաս ազգային անվտանգության (կարդա՝ ստվերային գործարքների) համար։

Երկրի մասնատումից հետո գլխավոր խնդիրը՝ հարավսուդանական նավթի արտահանումից ստացվող եկամուտների բաշխումը Հարավի ու Հյուսիսի միջև, չի լուծվել։ Խարտումն ինքնուրույն լուծել էր տարանցման վճարի խնդիրը՝ վերցնելով նավթը Սուդանի տարածքով անցնող խողովակաշարերից։ Ի պատասխան՝ Ջուբան նավթի արդյունահանման մորատորիում էր հայտարարել։ Փորձագետներն անգամ կասկածում են, որ Ջուբան աշխատում է Խարտումում քաղաքական վարչակարգի փոփոխման ուղղությամբ։ Եվ ընդհանրապես, տպավորություն է ստեղծվում, որ կողմերն արդեն վաղուց հասկացել են՝ Սուդանի ու Հարավային Սուդանի միջև զինված բախումն անխուսափելի է։

Նման պայմաններում միջազգային հանրությունը, երևում է, ստիպված է վերադառնալ սուդանական խնդրին։ Առայժմ ամենամեծ ակտիվությունը դրսևորում է Չինաստանը․ նա Սուդանի հյուսիսում ու հարավում արդյունահանում է ներկրվող նավթի ոչ ավել, ոչ պակաս՝ 5%-ը։ Չինաստանի հիմնական ներդրումները Հարավում են, սակայն Պեկինը խաղաղության կոչ է արել և՛ Խարտումին, և՛ Ջուբային։

Չինաստանը շահագրգռված չէ այս ամբողջ նավթաբեր տարածքի ապակայունացմամբ, ու ի տարբերություն մյուս երկրների՝ այստեղ ամենամեծ ազդեցությունն ունի։ Հասկանալի է, որ ապակայունացման դեմ հանդես կգան նաև Հարավի ու Հյուսիսի միջև 2005թ. ստորագրված խաղաղ համաձայնագրի համահովանավորները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան։ Սուդանի խնդրի քաղաքական լուծման կողմնակից է նաև Ռուսաստանը։ Ուստի եթե գործը հասնի ՄԱԿ-ին, որոշումների արդյուքները քիչ, թե շատ պարզ կլինեն։ Դրանք հօգուտ մի կողմի չեն լինի, այլ ուղղված կլինեն խնդրի լուծմանն ամբողջությամբ։ Միջամտում է նաև Աֆրիկյան միությունը, որը շատ բան է արել Սուդանի խաղաղ բաժանման համար։

Խարտումին ու Ջուբային անջատման վիրահատությունից հետո տանջում են երևակայական ցավերը։ Ու ժամանակ է պետք, որպեսզի նրանք սովորեն գոյություն ունենալ անջատ։ Նավթի հարցով առճակատումն անհեռանկարային է. հարավսուդանական հանքավայրերը չեն դառնա սուդանական, սուդանական խողովակաշարերն էլ՝ հարավսուդանական։ Հարավային Սուդանն առանց Սուդանի խողովակաշարերի չի կարողանա նավթ արտահանել։ Սուդանը բյուջեն ծայրը ծայրին չի հասցնի՝ առանց այդ նավթի տարանցուցմից ստացվող եկամուտների։

Մեկնաբանել