«Երևան 2012»-ի առաջին հյուրերը ժամանում են

Միացյալ Թագավորությունում «Գրանտա» գրական հայտնի ամսագրի կողմից 2003-ին լավագույն արձակագիր ճանաչված Թոբի Լիթը «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» տոնակատարությունների շրջանակում կայցելի Հայաստան:

Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Թոբի Լիթը կհանդիպի հայ երիտասարդ գրողների հետ: Ապրիլի 23 -ին կայանալիք հանդիպման ընթացքում գրողները կքննարկեն համատեղ ստեղծագործական համագործակցության հեռանկարները, գրական աշխարհում միջազգային կապեր ձևավորելու հնարավորությունները:

Հայալեզու ընթերցողին Թոբի Լիթը դեռևս ծանոթ չէ, նրա երկու` «Մեռած երեխաների երգերը» եւ «Արտաշիրիմում» գրքերը թարգմանված են ռուսերեն:

Մինչ գրող դառնալը Լիթը եղել է ուսուցիչ, վաճառող, նկարիչ, դերձակ, երաժիշտ, ուսանել է Օքսֆորդում և գրական դասընթացների հաճախել: Այսօր նա բրիտանական «ամենանորաձև» գրողներից է: Նրա վեպերն այնքան բազմազան են, որ թվում է, թե դրանք տարբեր մարդիկ են գրել: Լիթի առաջին գիրքը` «Արկածներ կապիտալիզմում» կարճ պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1996 թվականին: «Ամենավառ երիտասարդ տաղանդը գրական ասպարեզում»,-գրքի լույս տեսնելուց հետո գրել է Independent-ը:

Նա հեղինակել է 10 ստեղծագործություն, վերջին պատմվածքներն են` «Ճանապարհորդություն դեպի տիեզերք» (2009թ.) և «Մահվան արքան» (2010թ.):  Penguin հրատարակչատան «Մենք կպատմենք պատմություններ» ծրագրի շրջանակում Թոբի Լիթը գրել է ինտերակտիվ կարճ պատմվածքներ` օգտագործելով Livejournal-ի և Twitter-ի հնարավորությունները:

Գրական աշխատանքին զուգահեռ Թոբի Լիթը «Ստեղծագործական շարադրում» է   դասավանդում Բըրքբեքիում, Լոնդոնի համալսարանում:

Երևանում գրողը նաև վարպետության դասընթաց կանցկացնի անգլերենի ուսուցիչների համար` «Ստեղծագործական շարադրման ուսուցում» թեմայով: