Կուդրինը Մեդվեդևին խնդիրներ է առաջադրել

Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը ռուսական «Էկոնոմիչեսկայա պոլիտիկա» ամսագրում «Ինչ ենք մենք ակնկալում կառավարությունից» վերնագրով հոդված է հրապարակել, որում կոչ է անում պետության՝ քաղաքացիների և բիզնեսի հետ փոխգործակցության պատերնալիստական մոդելից անցում կատարել գործընկերային մոդելի։

Այս նպատակին հասնելու համար Կուդրինը ՌԴ ապագա վարչապետ Դմիտրի Մեդվեդևին առաջադրում է տասը խնդիր։

Առաջինը մակրոտնտեսական կայունություն է։ Երկրորդը՝ պետական կառավարման բարեփոխումը։ Երրորդը՝ քաղաքականության ապակենտրոնացումը։

Չորրորդ խնդիրն է հասնել ներդրումների աճի։ Հինգերորդը՝ կրճատել պետության չափազանց մեծ ներկայացվածությունը տնտեսությունում և պաշտպանել մասնավոր սեփականությունը։ Վեցերորդը՝ արտադրական և բնակկենցաղային ենթակառուցվածքների ամրապնդումն է։

Վերացնել ապրանքների և կապիտալի ճանապարհին առկա վարչական խոչընդոտները՝ այս է յոթերորդ խնդիրը։ Բիզնեսին հարկ է տալ ավելի մեծ ազատություն և դրա հաշվին բարձրացնել նրա պատասխանատվության մակարդակը։

Վերջին երեք խնդիրներն են՝ մարդկային կապիտալի զարգացումը, աշխատաշուկայի արդիականացումն ու սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործումը։

Հոդվածում Կուդրինը խոստովանում է, որ այս ցուցակն ամբողջական չէ, բայց առաջին հերթին հենց այս խնդիրների վրա է պետք կենտրոնանալ։ Բավական է տնտեսությունը «լցոնել» փողերով, աջակցել ոչ արդյունավետ ձեռնարկություններին. «Երբեմն բարեփոխումներն առանց հավելյալ ռեսուրսների էլ կարող են տալ անհրաժեշտ արդյունքը, բայց ֆինանսավորումն առանց բարեփոխումների երբեք արդյունք չի տալիս»։