ՄԱԿ-ի ԱԽ-ը համաձայնեցրել է Սիրիայի խնդրով նոր բանաձևը

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը համաձայնեցրել է Սիրիայի խնդրով նոր բանաձևը, որով նախատեսվում է միջազգային դիտորդների թիվն այդ երկրում 30-ից հասցնել 300-ի. հաղորդում է Lenta.ru-ն:

Համաձայնեցված տեքստը կազմվել է բարաձևի երկու այլ տարբերակների հիման վրա, որ ապրիլի 20-ին ներկայացրել էին Ռուսաստանն ու եվրոպական երկրները: Անվտանգության խորհրդի ռուսաստանյան ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հույս է հայտնել, որ փաստաթուղթը միաձայն կընդունվի:

Փաստաթղթի համաձայն` 300 դիտորդներ 90 օրվա ընթացքում պետք է հետևեն Սիրիայում հրադադարի պահպանմանը և խաղաղ կարգավորմանն ուղղված կետերի իրագործման ընթացքին, ինչպես առաջարկել էր ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը:

Այս փաստաթուղթը սիրիական իշխանություններին ուղղված պահանջ է ներառում, որով պետք է նրանք դիտորդների համար ապահովեն ազատ տեղաշարժ երկրում և օժանդակեն տեխնիկապես: Բացի դրանից, բանաձևը կոչ է անում սիրիական բախման երկու կողմերին էլ ապահովել դիտորդների անվտանգությունը:

Մեկնաբանել