Ցեղասպանության զոհերի ոգեկոչում` Բուլղարիայում

Սոֆիայի «Լյումիեր» դահլիճում ապրիլի 21-ին կազմակերպվել է լիբանանահայ Միսակ Քելեշյանի հանրային ելույթը. ներկայացվել են Մեծ եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր և տեսանյութեր: Միջոցառումն անցկացվել է Բուլղարիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո, Սոֆիայի Հայ բարեգործական ընդհանուր միության և Սոֆիայի հայկական կազմակերպությունների համադրիչ խորհրդի նախաձեռնությամբ ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը ներկա են եղել Բուլղարիայի Հայ առաքելական եկեղեցու տեղապահ վարդապետ Աբգար Հովակիմյանը, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթ են ունեցել Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Գեորգի Մարկովը և «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն» կուսակցության փոխնախագահ, քաղաքապետարանի ավագանու անդամ Անգել Ջամբազսկին: