ՀՀ-ն շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի ընդլայնմամբ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` ապրիլի 23-ին, ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային, ով Երևանում է գտնվում «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում:

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական առնչությունները դարերի պատմություն ունեն և լավ հիմք են ապահովում արդյունավետ ու բազմաոլորտ համագործակցություն ծավալելու համար։ Դրա լավագույն վկայությունն են անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ նախագահի այցը Իտալիա և այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություները:

«Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի ընդլայնմամբ և խորացմամբ, մեր երկու երկրների միջև հաստատվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, զարգանում են միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը առևտրատնտեսական, կրթա-մշակութային և այլ ոլորտներում: Այդ շարքում իր կարևոր տեղն ունի ապակենտրոնացված համագործակցությունը, գոհունակությամբ կարող ենք նշել, որ Հայաստանի և Իտալիայի քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, իրականավում են փոխայցելություններ, կենսագործվում են համատեղ ծրագրեր, ինչն ավելի է ակտիվացել հատկապես վերջին տարիներին»,- ընդգծել է Նալբանդյանը:

Զրուցակիցները անդրադարձել են Իտալիայի Միլան նահանգի և Հայաստանի Կոտայքի մարզի միջև համագործակցությանը, դրա ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը քննարկել են տնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով Միլանի տնտեսական ներուժը: Երկուստեք հատուկ նշվել է հայ համայնքի դրական ներդրումը նահանգի հայ-իտալական հարաբերություններում:

Մեկնաբանել