Փոփոխել փոփոխածը

Անցած տարի կառավարության նախաձեռնությամբ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունները, պարզվում է, կրկին փոփոխվելու ու լրացվելու են։ Հիշեցնենք՝ այս տարվա պետբյուջեում հավելյալ ֌101 մլրդ եկամուտների հավաքագրման նպատակով կառավարությունն անցյալ նոյեմբերին Ազգային ժողով ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների միասնական հարկային փաթեթը, որն այնքան հապճեպ արժանացավ պատգամավորների հավանությանը, որ դեռևս լիովին չկիրարկված՝ վերանայման կարիք ունի։

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստը: Խորհրդակցությունը նվիրված է եղել «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների քննարկմանը։ «Այս խնդիրը դարձել է բուռն քննարկման առարկա, որովհետև այս նորմը սկսել է կիրառվել Հայաստանի Հանրապետությունում, և մենք տարբեր ոլորտներից հարցադրումներ ենք ստանում, թե ինչպես պետք է արտոնագրային վճարի այս նորմը կիրառվի, և արդյոք հնարավոր է որոշակի փոփոխություններ կատարել օրենսդրության և պրակտիկայի մեջ, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծենք»,– նիստի ընթացքում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Երեկվա քննարկմանը ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը և Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրել են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումների վերաբերյալ որոշ մանրամասներ։
Մասնավորապես՝ այժմ առաջարկվում է հարկ վճարողներին հնարավորություն ընձեռել արտոնագրային վճարները կատարել նաև ամսական պարբերականությամբ։ Եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա ժամանակահատվածների համար ձեռք բերվող արտոնագրերի համար առաջարկվում է սահմանել արտոնագրային վճարի՝ ամսականից ավելի ցածր դրույքաչափեր։

Հանրային սննդի ոլորտում՝ մինչև 50 քմ տարածքի համար նախատեսված արտոնագրային վճարի նվազագույն չափը կտարանջատվի մինչև 20 քմ և 21-50 քմ տարածքների համար արտոնագրային վճարների։

Հապճեպության արդյունքը
Այս և առաջարկվող մյուս փոփոխությունները բավական ուշագրավ են, եթե հաշվի առնենք, որ ըստ էության կառավարությունը հիմա փորձում է շտկել բոլոր այն բացթողումները, որոնք հաշվի չէր առել, երբ անցած տարվա նոյեմբերի երկրորդ կեսին ԱԺ էր ներկայացնում հարկային փաթեթը։ Հիշեցնենք՝ փաթեթը բավական արագ արժանացավ պատգամավորների հավանությանը և ընդունվեց դեկտեմբերի 7-ին։

Կառավարության և ԱԺ անցած տարվա շտապողականության մասին է թերևս վկայում նաև այն, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններըն ուժի մեջ են մտել այս տարվա ապրիլի 1-ից, և օրենքի դրույթների ընդամենը 20 օրվա կիրարկումն արդեն բացահայտել է ի սկզբանե աչքաթող արված խնդիրները՝ բավական ծանր ֆինանսական վիճակ ստեղծելով տնտեսավարողների, հատկապես փոքր բիզնեսի համար։
Խնդիրն այն է, որ ապրիլի 1-ից արտոնագրման դաշտում են հայտնվել մասնավորապես սննդի օբյեկտները և տաքսիները, ինչը նշանակում է, որ մինչև գործունեություն ծավալելը՝ արտոնագիր ստանալը, նրանք պետք է վճարեն արտոնագրավճար։ Երևանում, օրինակ, անհատ տաքսու վարորդը երեք ամսվա գործունեության համար, մինչև դրա սկսելը, պետք է վճարի ֌20,5 հազ. արտոնագրավճար, 20-49 քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտները՝ ֌225 հազ.։

Մյուս կողմից՝ թեև կառավարության առաջարկած փոփոխությունները բխում են փոքր բիզնեսի շահերից, գործադիրն այս քայլին գնում է ավելի շատ պոպուլիստական նկրտումներից։ Այս գումարման ԱԺ-ն առաջարկվող փոփոխությունները հազիվ թե հասցնի քննարկել։ Մինչև մայիսի 6-ը խորհրդարանն ունի մեկ քառօրյա, որն ամենայն հավանականության կարժանանա ապրիլի 10-12-ի նիստերի ճակատագրին և քվորումի բացակայության պատճառով չի կայանա։ Եթե կառավարությունն այս կազմով նույնիսկ հասցնի հաստատել «Արտոնագրային վճարների մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, այն քննարկման կուղարկվի արդեն հինգերորդ գումարման ԱԺ, իսկ օրենքի կիրարկումը կապահովի արդեն նոր կառավարությունը։

Մեկնաբանել