Սորոսը նախազգուշացնում է եվրոյի հնարավոր կոլապսի մասին

Ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում հայտնի ներդրող, միլիարդատեր Սորոսը հիշեցրել է, որ քաղաքական գործիչները ժամանակից շուտ էին հայտարարել ճգնաժամի հաղթահարման մասին, ինչը սակայն իրականությանը չի համապատասխանում։ «Տարեսկզբից ի վեր՝ Եվրոպական կենտրոնական բանկի արտասովոր միջոցառումները՝ Եվրամիության բանկերին երկու տրանշով €1 տրլն-ի եռամյա էժան վարկերի տրամադրումը, թույլ են տվել միայն մասամբ բարելավել իրավիճակը, ինչն էլ օգնել է շատ քիչ ժամանակ շահել»,- ասել է Սորոսը՝ հավելելով, որ նախկինի պես շարունակում են պահպանվել ոչ միայն երկրների միջև մրցունակության խիստ տարբերությունները, այլև վարկատու և պարտապան պետությունների միջև առկա խտրությունները։

«Եվրոգոտում ամենամեծ տագնապը ներկայում պարտքային շուկաների կրկնակի ազգայնացման գործընթացն է, ինչին մենք նպաստում ենք։ Իսպանական բանկերը իսպանական պարտքերն են գնում, ֆրանսիական բանկերը՝ ֆրանսիականները, սակայն դուք չեք տեսնի, որ ֆրանսիական ֆինանսա-վարկային հաստատությունները գնեն իսպանական վարկերը։ Սա պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում, որը կարող է հանգեցնել եվրոյի կոլապսին»,- նախազգուշացնում է ֆինանսիստը։

Նրա խոսքով՝ խիստ խնայողության միջոցառումների պատճառով ՀՆԱ-ն ի վերջո կնվազի և պարտքային բեռը կմեծանա ազգային հարստության ծավալի նկատմամբ։ Սորոսը համոզված է, որ Եվրոպան իր ուժերով պետք է հաղթահարի ճգնաժամը, քանի որ այլընտրանք չունի։ Ներդրողը նաև կարևորել է եվրոգոտում բանկային կարգավորման համակարգի ստեղծումը։

Մեկնաբանել