Եգիպտոսի նախկին վարչապետը նախագահ դառնալու շանս ստացավ

Նախօրեին ԿԸՀ-ն, հիմք ընդունելով Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի զինակիցների քաղաքական մեկուսացման մասին օրենքը, Շաֆիկին գալիք ընտրություններին մասնակցությունից զրկելու որոշում էր կայացրել։

Եգիպտոսի խորհրդարանն օրենքն ընդունել էր ապրիլի 12-ին։ Զինված ուժերի բարձրագույն խորհուրդն այն հաստատել էր օրերս։ Օրենքը, մասնավորապես, արգելում է նախագահի պաշտոնում առաջադրվել նրանց, ովքեր մինչև Մուբարաքի պաշտոնաթողության պահը «տասը տարվա ընթացքում զբաղեցրել են փոխնախագահի, վարչապետի, նախկին իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի պաշտոնները, եղել են կուսակցության քաղխորհրդի կամ քարտուղարության անդամ»։

Շաֆիկը Մուբարաքի կողմից վարչապետ էր նշանակվել 2011թ. հունվարի 29-ին՝ Եգիպտոսում ժողովրդական հուզումների թեժ պահին։ Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո նա ժամանակավորապես գլխավորեց կառավարությունը, սակայն մարտի սկզբին ժողովրդական ճնշման ներքո ստիպված եղավ հրաժարականի դիմում ներկայացնել։

Հոսնի Մուբարաքի կառավարման տարիներին նա մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել բանակում, գլխավորել է քաղաքացիական ավիացիայի նախարարությունը։

Շատ փորձագետներ կարծում են, որ Շաֆիկը կարող է ապավինել զինվորականների աջակցությանը։

Եգիպտոսի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը հրապարակվելու է այսօր։ Նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 23-24-ին։

Մեկնաբանել