Երևանը և Սանկտ Պետերբուրգը կխթանեն զբոսաշրջության զարգացումը

Երևանում «Սանկտ Պետերբուրգի օրերի» շրջանակում ապրիլի 25-28-ը քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված Սանկտ Պետերբուրգի կառավարության ջանքերը:

«Մեր փոխգործակցությունն այսօր զարգանում է 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում, և հաշվի առնելով երկուստեք ստեղծված աշխատանքային խմբերի փոխհամաձայնեցված ու արդյունավետ աշխատանքը` վստահ եմ, որ մենք կունենանք այն արդյունքները, որոնք նախանշել ենք»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Օլգա Կազանսկայան նշել է, որ Երևանը ՌԴ Հյուսիսային մայրաքաղաքի համար կայուն և վստահելի գործընկեր է ու ռուսական կողմը կարևորվում է Երևանի հետ փոխգործակցության ընդլայնումը:

Նկատի առնելով երկու քաղաքների պատմամշակութային հարուստ ժառանգությունը՝ կողմերը պայմանավորվել են երկուստեք խթանել զբոսաշրջության զարգացումը։ Հյուրերը հույս են հայտնել, որ չի ուշանա քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ պատվիրակությանը Սանկտ Պետերբուրգում հյուրընկալելու հնարավորությունը:

Մեկնաբանել