ՀՀ-ում նվազել է մանկական մահացության ցուցանիշը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը և առողջապահության նախարարությունը ներկայացրել են Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության՝ ՀԺԱՀ 2010-ի հիմնական արդյունքները:

ՀԺԱՀ-ի արդյունքներով` 2005-2010թթ.  մանկական մահացության ցուցանիշները նվազել են` 26-ից հասնելով 13-ի` հազար կենդանածնի հաշվով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող նվազագույն պատվաստումների ամբողջական փաթեթի պատվաստումներ ստացած 18-29 ամսական երեխաների մասնաբաժինը 2005թ-ի 74%-ից  2010-ին աճել է մինչև 87%: Մյուս կողմից` մինչև հինգ տարեկան երեխաների 19%-ը թերաճ է կամ կարճահասակ իր տարիքի համեմատ, ինչը քրոնիկ թերսնուցման արդյունք է, իսկ նույն տարիքային խմբի երեխաների 15%-ն ունի գերքաշության խնդիր:

Ինչպես ՀԺԱՀ 2000 և 2005թթ, այնպես էլ 2010-ին կանայք միջինում ունենում են 1.7 երեխա: ՀԺԱՀ 2010-ի արդյունքների համաձայն` 2008-ի հուլիսի 1-ից անվճար ծննդօգնության պետական հավաստագրի համակարգի հաստատումը նպաստել է շուրջ 10 անգամ ծննդաբերությունների համար կատարվող ոչ պաշտոնական վճարումների կրճատմանը (մինչև 2008թ. հուլիսի 1-ը` 82.4%, իսկ 2008-ից հետո` 7.9%):

ՀԺԱՀ-ը Հայաստանում իրականացվում է 3-րդ անգամ (2000, 2005 և 2010թթ): Ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակը:

Նշված արդյունքները ղեկավար մարմիններին, այս ոլորտի քաղաքականությունը մշակող անձանց հնարավորություն են ընձեռում առավել նպատակային և իրատեսական ֆինանսական ծրագրեր մշակել: Ըստ ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության` ՀԺԱՀ 2010-ի ժամանակ ավելի քան 7 հազ. տնային տնտեսությունում իրականացվել են հարցումներ, որում ընդգրկվել է 15-49 տարեկան  շուրջ 6 հազ. կին և նույն տարիքային խմբի 1,5 հազ. տղամարդ: Հարցման դիտանկյունում են գտնվել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ծնելիությունը, հակաբեղմնավորման մեթոդների կիրառումը, մոր և մանկան առողջությունը, երեխաների սնուցումը, մանկական մահացությունը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների մասին իմացությունը և այլն: