Լիբիայի կառավարությունը հին կազմով կմնա

Խորհրդի ղեկավար Մուստաֆա Աբդ ալ Ջալիլը լրագրողներին ասել է, որ այդ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Ազգային ասամբլեայի գալիք ընտրությունները։ Ջալիլի խոսքով՝ կառավարության կայուն կազմը պետք է ապահովի ընտրությունների անցկացումը ժամանակին, ինչպես նաև՝ պետության անվտանգությունը Լիբիայի համար չափազանց զգայուն այս շրջանում։

Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն ավելի վաղ անվստահություն էր հայտնել Աբդ ալ Ռահիմ ալ Քիբի կառավարությանը։ Հաղորդվում էր, որ կառավարությունը ցրվել է։ Agence France-Presse-ը նշում է, որ Խորհդրի անդամները, սակայն, չեն կարողացել համաձայնության գալ նոր կաբինետի կազմի շուրջ։

Լիբիայի անցումային կառավարությունը ձևավորվել է 2011թ. նոյեմբերին՝ մեկ ամիս անց քաղաքացիական պատերազմի ավարտից, որի ընթացքում տապալվեց գնդապետ Մուամար Կադաֆիի վարչակարգը։ Ազգային անցումային խորհուրդը կառավարության առաջնահերթ խնդիր է համարում Լիբիայի ազգային անվտանգության վերականգնումը, որը ենթադրում է նաև նախկին ապստամբների ինտեգրացիա բանակի և ոստիկանության շարքերում։

Լիբիայի Ազգային ասամբլեայի ընտրությունները պետք է տեղի ունենան 2012թ. հունիսին։ Նոր մարմինը կնախապատրաստի Լիբիայի Սահմանադրության նախագիծը՝ զուգահեռաբար կատարելով խորհրդարանական գործառույթներ։ Լիբիայի հիմնական նոր օրենքի ընդունումից հետո տեղի կունենան խորհրդրարանական և նախագահական ընտրություններ։