Եգիպտոսում մեկնարկել է նախագահական ընտրարշավը

Այսօրվանից սկսած՝ նախագահի թեկնածուների շտաբերը կարող են իրականացնել օրինական քարոզարշավ, այդ թվում՝ լրատվամիջոցներում։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահի թեկնածուներին թույլատրվում է անցկացնել հանդիպումներ ընտրողների հետ և մամլո ասուլիսներ՝ հասարակությանն իրենց ծրագրերին ծանոթացնելու համար։ Թեկնածուներին խստիվ արգելվում է արծարծել մրցակիցների, նրանց ընտանիքների անդամների անձնական կյանքին վերաբերող խնդիրներ, ուժ կիրառել ընդդիմախոսների նկատմամբ կամ սպառնալ նրանց, ոտնձգություն իրականացնել ազգային միասնականության և եգիպտական հասարակության հիմքերի նկատմամբ։ Բացի այդ՝ Եգիպտոսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) կոչ է անում ընտրարշավի ընթացքում զերծ մնալ ընտրողներին գումարային օգնության և նվերների տրամադրումից։

Թեկնածուներից յուրաքանչյուրին կհատկացվի մեկ ժամ պետական հեռուստաալիքների եթերում։ Եգիպտոսի ԿԸՀ-ն թեկնածուներին արգելել է քարոզարշավի ընթացքում օգտագործել կրոնական կարգախոսեր, ինչպես նաև մզկիթներն ու եկեղեցիները։ Բացի այդ՝ արգելվում է օգտագործել պետական հաստատություններն ու տրանսպորտը, կրթական հաստատությունները, բյուջետային միջոցները։

Համաձյան օրենսդրության՝ նախընտրական քարոզարշավի կանոնները խախտողներին սպառնում է մինչև մեկ տարի ազատազրկում և գումարային տուգանք։

Եգիպտոսի նախագահական ընտրություններին մասնակցում է 13 թեկնածու, այդ թվում՝ երկրի նախկին արտգործնախարար և Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան, նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկը, «Մուսուլման եղբայրներ»-ի քաղաքական թևի՝ «Ազատության և արդարության կուսակցության» նախագահ Մուհամադ Մուրսին, իսլամիստ Աբդ ալ Մունիմ Աբու ալ Ֆութուհը։ Ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 23-24-ին։ Երկրորդ փուլի անհրաժեշտության դեպքում այն կանցկացվի հունիսի 16-17-ին։