Անգլիայի հավաքականի մարզիչ է նշանակվել Ռոյ Հոջսոնը

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հաստատել է, որ Ռոյ Հոջսոնը նշանակավել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է ասոցիացիայի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը կգործի մինչև 2016թ․-ը։

Նշվում է, որ համաձայնությունը ձեռք է բերվել երեկ Հոջսոնի և Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Դևիդ Բերնշտեյնի 4 ժամ տևած բանակցություններից հետո։ Ներկայում Հոջսոնը զբաղեցնում է «Վեսթ Բրոմվիչի» գլխավոր մարզչի պաշտոնը։ 1992-1995թթ․-ին նա մարզել է Շվեյցարիայի, 2002-2004թթ․-ին՝ ԱՄԷ-ի, 2006-2007թթ․-ին՝ Ֆինլանդիայի հավաքականները։

Այսօր ավելի ուշ Հոջսոնը հանդիպել է լրագորղների հետ։ Նա պատմել է Եվրո 2012-ին Անգլիայի հավաքականի նախապատրաստական աշխատանքների մասին։ Հոջսոնը նշել է, որ, չնայած որակազրկմանը, որոշել է հայտացուցակում ընդգրկել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի անունը։ Հիշեցնենք, որ Ռունին որակազրկման պատճառով չի կարող մասնակցել Եվրո-2012-ի խմբային փուլի առաջին երկու հանդիպումներին: Հարձակվողը որակազրկվել էր ոչ մարզական պահվածքի համար, որը դրսևորել էր Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Չերնոգորիայի հետ հանդիպման ժամանակ՝ հարվածելով չերնոգորցի պաշտպան Միոդրագ Ջուդովիչին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com