Յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Ռադիոկապ և Ռեզոնանս», «Ֆիտոկան» ՍՊԸ- ները ՀՀ բնապահպանության, կրթության և գիտության նախարարությունների կարիքների համար ապրանքներ մատակարարելու նպատակով պետական բյուջեից ստացված գումարները հափշտակել են:

Մասնավորապես` «Ռադիոկապ և Ռեզոնանս» ՍՊԸ-ն 2008թ. ապրիլի 9-ի ԱԺՁԲ-08/37 պետական գնման պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարարության կարիքների համար լաբորատոր նյութեր ու սարքավորումներ մատակարարելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 21-ին պետական բյուջեից որպես կանխավճար ստացել է 17 մլն 862 հազ. դրամ, իսկ «Ֆիտոկան» ՍՊԸ-ն 2008թ. դեկտեմբերի 27-ի ՄԲԱԺՁԲ-08/40 պետական գնման պայմանագրով ՀՀ կրթության և գիտության նախարարության կարիքների համար ուսումնաօժանդակ գրականություն մատակարարելու նպատակով 2008թ. դեկտեմբերի 27-ին պետական բյուջեից որպես կանխավճար ստացել է 28 մլն 691 հազ. դրամ:

Ստացված առանձնապես խոշոր չափերի գումարները նշված ընկերությունների փաստացի ղեկավարը /ի դեպ երկու ընկերությունների փաստացի ղեկավարը և տնօրենը նույն անձինք են/ տնօրենի օժանդակությամբ յուրացման եղանակով հափշտակել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն նախաքննություն կատարելու համար:

Մեկնաբանել