Իրականացվել է կիբերհանցագործություն

Հայաստանի գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբերհանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) դեպքի առթիվ:

Ինչպես տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունից ստացված` Մուհամադռեզա Իլանլուի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ. հունվարի 30-ից մինչև ապրիլի 18-ը ինքնությունը չպարզված անձը Մուհամադռեզա Իլանլուին պատկանող «Visa Classic» տեսակի քարտի հաշվեհամարից «www.vkontakte.ru», «www.dengionline.com» վեբ կայքերի և «GORGANY», «EKIPAZH-SERVICE», «Apple Itunes Store» առցանց ծառայությունների միջոցով հափշտակել է շուրջ 24 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք 9 մլն 360 հազ. դրամ:

Այնուհետև ինքնությունը չպարզված հիշյալ անձը, հանցավոր ճանապարհով ստացված նույնքան գումարի ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում 96 տարբեր առևտրային գործարքներ իրականացնելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերի եկամուտները, որի արդյունքում Մուհամադռեզա Իլանլուին պատճառվել է 9 մլն 360 հազ. դրամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Խոշոր չափերի գումարի եկամուտն օրինականացնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը:

Մեկնաբանել