Արգենտինայի խորհրդարանը հաստատեց YPF-ի ազգայնացումը

Արգենտինայի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 3-ին 207 կողմ, 32 դեմ, 6 ձեռնպահ ձայնով ընդունել է իսպանական Repsol-ի դուստր Yacimientos Petroliferos Fiscales-ի (YPF SA) ազգայնացման մասին օրինագիծը։ Երկրի խոշորագույն նավթային ընկերության ազգայնացումն ապրիլի վերջին հաստատել էր նաև խորհրդարանի վերին պալատը։

Հիշեցնենք, որ YPF-ի ազգայնացման մասին օրինագիծը ապրիլի 16-ին խորհրդարան էր ներկայացրել երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշները։ Օտարված ակտիվները գրեթե հավասարապես բաշխվելու են դաշնային կառավարության և շրջանային իշխանությունների միջև։

YPF-ի ազգայնացման միջոցով Կիրշները մտադիր է ամրապնդել իր քաղաքական դիրքերը։ Ընկերությունն ամբողջությամբ ազգայնացնելու գաղափարը լայն աջակացություն է գտել երկրի բնակչության մեծ մասի շրջանում, որը համաձայն է Կիրշների «էներգետիկ անկախության» մասին թեզի հետ։

Անցած տարի Արգենտինայի առևտրային հաշվեկշռի պրոֆիցիտը զգալիորեն կրճատվել է էներգակիրների ներկրման ավելի մեծ ծավալների շնորհիվ։ Ներկայում նավթի և բնական գազի արդյունահանման ծավալների մեծացումը Կրիշների համար դարձել է առաջնահերթություն։

Փորձագետների կարծիքով, այդուհանդերձ, բարդ կլինի հասնել արտադրության ծավալների աճին. անցած տարի նավթագազային հանքավայրերի վերամշակման մեջ կատարված ներդրումների ծավալն ավելացել է $400 մլն-ով՝ մինչև $1,69 մլրդ, սակայն նավթի արդյունահանումը նվազել է մինչև 11,25 մլն խմ։

Նշենք, որ YPF-ն հիմնվել է 1922թ.` որպես պետական ընկերություն։ Մասնավորեցվել է 1990-ականների սկզբին։ 1999թ. այն գրեթե ամբողջությամբ անցել է Repsol-ի վերահսկողության ներքո։ Ներկայում իսպանական ընկերությունը տնօրինում է YPF-ի բաժնետոմսերի 57%-անոց փաթեթը։

Մեկնաբանել