ԱՆ-ը կարող է ասել պայթյունի պատճառը, բայց ոչ ոք չի հարցնում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն դեռ ոչ ոք չի դիմել պայթյունավտանգ փուչիկների փորձաքննության համար. ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության` ասել է Կենտրոնի տնօրեն Ժորժ Ծատուրյանը: «Եթե մեզ դիմեն, մենք հստակ կասենք պայթյունի պատճառը»,- լրագրողների հարցին պատասխանել է նա:

ԱՆ փորձագետ Արսեն Ազիզյանը հավելել է, որ «եթե փուչիկներում լիներ հելիումով, ապա այն չէր վառվի»: «Հելիումով լցված փուչիկները միանգամայն անվտանգ են, իսկ այլ որևէ բանով փուչիկները լցնել չի կարելի: Սակայն այս պահին հնարավոր չէ պատասխանել, թե ինչ գազով են լցված եղել դրանք»,- նշել է նա:

Արդարադատության նախարարության աշխատակիցները նաև նշել են, որ այդ հարցին կկարողանան պատասխանել, եթե իրենց հանձնարարվի անցկացնել փորձաքննություն:

«Ռիա-նովոստի» գործակալության հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փոխնախարար Նիկոլայ Գրիգորյանն ասել է, որ նախորդ օրը հայտարարել է, որ փուչիկները լցված են հելիումով, որովհետև հելիումով պիտի լցված լինեին: «Միաժամանակ, հայտնի է, որ հելիումը իներտ գազ է և չի կարող պայթել: Փուչիկներում կարող էր լինել ջրածին կամ մեթան` միայն այդ գազերն ունեն միաժամանակ թե վերամբարձ ուժ, թե պայթելու ունակություն: Բայց թե ինչով էին դրանք լցված իրականում, հիմա պարզվում է»,- ասել է Գրիգորյանը:

Մեկնաբանել