Ցուցակները չեն հրապարակվի, որոշեց Սահմանադրական դատարանը

Սահմանադրական դատարանը որոշեց, որ նշված հոդվածները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և ընտրացուցակները պետք է մատչելի լինեն ողջամիտ ժամանակահատվածում, որպեսզի ընտրողներին հնարավորություն տրվի` ստուգել իրենց վերաբերյալ անձնական տվյալները, իսկ ընտրական գործընթացի մասնակիցները կյարողանան դրանք ուսումնասիրել և հսկողություն իրականացնել:

ՍԴ-ի որոշման մեջ հղումներ կան միջազգային փորձին, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը և այլն: Հղումներից մեկը 2009 թ. սեպտեմբերի 15-ին ընդունված «Ընտրողների գրանցման գործընթացի մասին» զեկուցումն էր, ուր մասնավորապես նշված էր. «Ընտրողների գրանցման գործընթացը հանրային վստահության ապահովման միջոց է, այդ գործընթացի թափանցիկությսւնն ապահովվում է ընտրողների ցուցակների մատչելիությունը մինչև ընտրություն»: ՍԴ-ն դրանով իսկ կարևորեց ընտրողների անհատական տվյալների պաշտպանության համակարգը, ինչպես նաև գտավ, որ քվեարկած անձանց ցուցակների գաղտնիությունը չպահպանելը իրավունքի խախտում է:

Հիշեցնենք, որ ԲՀԿ և ՀՅԴ 29 պատգամավոր Սահմանադրական դատարան դիմելով` վիճարկել էին ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասի, 31-րդ հոդվածի առաջին մասի երրորդ կետի և 33-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետի դրույթների ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, այդ թվում` Ընտրական օրենսգրքի` ընտրողների ցուցակների մատչելիության հոդվածի առաջին մասը:

ՀՀ ընտրողների ցուցակը,  բացառությամբ զինվորական մասերում կազմվող, ինչպես նաև ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար: Ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում: ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորները հույս ունեն այսուհետ հասանելի դարձնել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները:

Նկատենք, որ այս մեթոդը գործարկվում է աշխարհի մի շարք (այդ թվում և` զարգացած) երկրներում, քանի որ ընտրություններին մասնակցելը համարվում է «քաղաքացիական պարտք»: