Fortune-ը համեմատել է խոշորներին

Ամերիկյան Fortune ամսագիրը հրապարակել է 2011թ. ԱՄՆ-ի 500 խոշորագույն կորպորացիաների վարկանիշը։

Նախորդ ցանկի համեմատ գլխավոր փոփոխությունն այն է, որ ամերիկյան Exxon Mobil նավթագազային հսկան կրկին վարկանիշի առաջատար է դարձել։ 2010թ. ընկերությունը մեծությամբ երկրորդն էր Միացյալ Նահանգներում։ 2011թ. Exxon-ի հասույթը կազմել է $452,9 մլրդ (2010թ.՝ $354,6 մլրդ), շահույթը՝ $41 մլրդ (2010թ.՝ $30,4 մլրդ)։

Մանրածախ առևտրի Walmart ցանցը, որը նախորդ տարվա առաջատարն էր, այս անգամ երկրորդ տեղում է՝ $446,9 մլրդ հասույթով (2010թ.՝ $421,8 մլրդ) և $15,6 մլրդ շահույթով (2010թ.՝ $16,3 մլրդ)։ «Մենք երկրորդն ենք, մի քանի միլիարդով ենք զիջել միայն»,– Facebook-ի իր էջում վարկանիշի արդյունքները մեկնաբանել է Walmart-ի ավագ փոխնախագահ Լև Հասիսը։

Երրորդ հորիզոնականը շարունակում է պահպանել նավթագազային Chevron-ը։ Ընկերության հասույթը 2011թ. աճել է մինչև $245,6 մլրդ՝ նախորդող տարվա $196,3 մլրդ-ի համեմատ, շահույթը կազմել է $26,8 մլրդ (2010թ.՝ $19 մլրդ)։

Համաշխարհային 500 ամենախոշոր ընկերությունների վարկանիշը Fortune-ը սովորաբար հրապարակում է հուլիսին։ Այս վարկանիշի առաջին եռյակը, որպես կանոն, համընկնում է ցանկի ամերիկյան տարբերակի առաջին եռյակի հետ։

Մեկնաբանել