Խոսում է ժողովուրդը

Ասում են, որ ես տեսա 21-րդ դարի լավագույն ընտրությունները: Իմ աննման ձայնը տվեցի ամենաարժանիներին, մեկին՝ հինգ հազարով, մյուսին՝ տասը: Հա լավ, մեկ-մեկ էլ ավելի էժան, բայց դե ինչի ասես, որ չեմ գնա մի կտոր հացի համար: Ամենակարևորը, որ ամեն ինչ շատ ազնիվ էր:

Ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքներից շատ գոհ եմ: Հա, ի դեպ, մեր տեղական Գելափը հենց այդպես էլ կանխատեսել էր, նույնիսկ ձայնիս տասնորդական տոկոսներն էր գուշակել: Շատ խորամանկն է, էհ:

Ու ընդհանրապես, դիտորդների կարծիքով, «ապրեմ ես» – լավ ակտիվ էի, ինձնից 62% մասնակցեց ընտրություններին: Հա, ի դեպ, կաշառակերի էլ բռնեցինք: Հմմ, մեկին, ասում են՝ ուրիշներ չկային էլ: Սա աննախադեպ էր պատմությանս մեջ: Ինչ ամոթ:

Գիտեմ՝ բողոքներ եղան: Բայց դե դա պարզ է, բոլորին չես գոհացնի: Ինձնից ահագին մարդու կնիքը դուր չեկավ, ասում էին՝ շուտ է անհետանում, բայց դա էլ հո իմ լավի համար է արվում, չէ՞, ասենք՝ կարող է ուզենամ մի ուրիշին էլ ընտրեմ, չէ՞: Անկեղծ ասած՝ հենց էդպես էլ մտածել էի, երկու անգամ կգնայի ընտրության ու տասը տարի հանգիստ կապրեի՝ առանց փոփոխության:

Ընդհանուր առմամբ այս ընտրությունները շատ հմուտ էին կազմակերպված. կարելի է ասել, որ նախորդ բոլոր նույնքան ազատ և արդար ընտրությունների փորձառությունը միագումարի էր բերվել, և ես նեղություն չկրեցի իմ կամքը ազատ արտահայտել: Մարդիկ ամեն ինչ արեցին, ավտոբուս նստացրին, մի քիչ փող տվեցին, քվեախցիկ ուղեկցեցին, վերջում էլ տուն տարան: Մի խոսքով՝ ինձ մարդու տեղ դրեցին, հարգեցին, ես էլ գնացի ու ազատ, արդար ընտրեցի:

Ասում են, որ իմ մասնիկների 44%-ը հաջորդ հինգ տարիներին հավատալու է, որ կփոխվի, տեսնես կփոխվի՞…

Իմ 30%-ն էլ է հավատացել, բայց ոչ թե, որ կփոխվի, այլ որ նրանց խոսքը գործ է:

«Ոչ մի ձայն գործող ռեժիմին» ասողներին մի կերպ, վերջին վայրկյանին տվել եմ 7%:

Փաստորեն, ես այդքան էլ ընկերասեր չեմ: Դաշնակցականների հետ ընկերանալու համաձայնություն է հայտնել իմ մոտավորապես վեց տոկոսը: Համարյա այդքանս էլ որոշել են Ժառանգություն ստանալ:

Ասում են նաև, որ իմ 5 ու կես տոկոսն էլ ձայն է տվել արդեն 15 տարի օրենքի երկիր կառուցել փորձողներին:

Իրականում ես շատ հիշաչար եմ ու անհանդուրժող իմ անցյալի նկատմամբ, միայն իմ 1%-ն է հիշել կոմունիստներին:

Մայիսի վեցը իշխանությունների համար պարտությունների օր էր: Չէ՛, չէ՛, ես ոչինչ չեմ խառնում, խոսքը ուրիշ ժողովուրդներին պատկանող իշխանությունների մասին է: Ֆրանսիայում Սարկոզին պարտվեց, Հունաստանում՝ իշխող կոալիցիան, իսկ Հայաստանում… չէ՛, հնարավոր չէ: Իմ իշխանությանը պարտվել չկա:

Մեկնաբանել