Սարկոզիին հաղթեց հենց Սարկոզին

Կիրակի Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երկրի 24-րդ նախագահ ընտրվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդը։ Նա Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության սոցիալիստ երկրորդ նախագահն է՝ Ֆրանսուա Միտերանից հետո։
Օլանդի օգտին քվեարկել է ընտրողների 51,62%-ը, գործող նախագահ Նիկոլա Սարկոզին ստացել է ձայների 48,38%-ը։ Ուշագրավ է, որ Երկրորդ աշխարհամարտից հետո Սարկոզին երկրորդ նախագահն է Ժիսկար դ՛Էստենից հետո, որը չի վերընտրվում։ Ֆրանսիական ընտրություններին մասնակցությունը բավական մեծ է եղել՝ մոտ 80%։

Օլանդի երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին, իսկ այսօր Սարկոզիի հետ միասին նա կընդունի Ֆրանսիայում ավանդաբար անցկացվող Հաղթանակի շքերթը։

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Ֆրանսուա Բարուենը ընտրություններում աջերի պարտության հիմնական պատճառ է համարում «հակասարկոզիականությունը» (Սարկոզիի ընտրազանգվածի դժգոհությունը Սարկոզիից) և տնտեսական ճգնաժամը։ Ուշագրավ է, որ Սարկոզին իր համախոհների հետ հրաժեշտի հանդիպմանը ստանձնել է պարտության պատասխանատավությունը՝ նշելով, որ կհեռանա կուսակցության ղեկից։ Նա միաժամանակ հավաստիացրել է, թե առավելագույն ջանքերը կգործադրի «Հանուն ժողովրդական շարժման միության» միասնականության պահպանման համար՝ հունիսի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ ապահովելու նպատակով։

Ֆրանսիական «Տեռա նովա» վերլուծական կենտրոնի տնօրեն Օլիվյե Ֆեռանի կարծիքով՝ նախագահի փոփոխմամբ արմատապես կփոխվի նաև ուժերի քաղաքական հավասարակշռությունը Ֆրանսիայում։ Ըստ նրա՝ Ֆրանսիայում գծագրվում է քաղաքական ուժերի դասավորության իտալական սխեման։ Այսպես. Սարկոզիի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում աջ գաղափարախոսության վրա հենվելու պայմաններում երկրի քաղաքական կյանքի աջ բևեռը չափից ավելի ծայրահեղականացվել է, և ներկայում այն կարելի է բնորոշել որպես «ոչ պահպանողական»։ Հետևապես՝ այս պայմաններում Մարին Լե Պենը կձգտի առաջնորդել ընդդիմությանը՝ չբացառելով համագործակցությունն անգամ Սարկոզիի կուսակցության հետ։
Քաղաքական դաշտի մյուս բևեռում Օլանդը կփորձի կազմավորել ձախերի կոալիցիա՝ երկիրը արդյունավետ ղեկավարելու համար։ Սակայն Օլանդի համար հեշտ չի լինի ուլտրաձախ Ժան-Լյուկ Մելանշոնին և կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուին մեկտեղել նույն կառավարությունում։ Մյուս կողմից՝ սեփական ուժերի հետ մեծ հույսեր կապելը ձախերի համար կարող է ռիսկային լինել՝ հանգեցնելով աջերի հաղթանակին և սցենարի իրագործմանը, երբ երկրում ձախ նախագահ է և աջ կառավարություն։

Բացի այդ՝ Օլանդի հաղթանակը լուրջ հետևանքներ կունենա եվրոգոտու համար։ Օլանդն արդեն հայտարարել է եվրոպական բյուջետային համաձայնագիրը վերանայելու իր մտադրության մասին, որի ջատագովները Սարկոզին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էին։ Այդուհանդերձ, Օլանդի շրջապատն արդեն ծրագրում է նորընտիր նախագահի օտարերկրյա առաջին այցը կազմակերպել հենց Գերմանիա։

Ֆրանսիացի քաղաքագետ Տոմա Շալյումոյի կարծիքով՝ Մերկելը ևս պատրաստակամ է աշխատել սոցիալիստ նախագահի հետ՝ հույս ունենալով, որ Օլանդը կպահպանի Փարիզ-Բեռլին տանդեմը։ Բացի այդ՝ Ֆրանսիան առանց իր ազդեցիկ հարևանի աջակցության չի կարողանա պահպանել վարկային վարկանիշը և տնտեսական հետագա աճի նախադրյալներ ստեղծել։

Թեև դեռ վաղ է խոսել Ֆրանսիայում նոր կառավարության կազմավորման մասին, սոցիալիստներն արդեն սկսել են նախարարական աթոռների համար թեկնածուների փնտրտուքը սեփական շարքերում։ Մյուս կողմից՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններին նրանք դեռ պետք է վերահաստատեն իրենց քաղաքական կշիռը՝ նախընտրական խոստումները կյանքի կոչելու համար։

Հասարակական կարծիքի ֆրանսիական IPSOS կենտրոնի հարցումների համաձայն՝ ընտրություններում սոցիալիստները կստանան ձայների 31%-ը, «Հանուն ժողովրդական շարժման միություն»-ը՝ 31%-ը, և Լե Պենի «Ազգային ճակատ»-ը՝ 18%-ը։ Այս պայմաններում Օլանդի համար առաջնահերթ է դառնում բոլոր ձախ ուժերի միջև երկխոսության ապահովումը։

Մեկնաբանել