ՀՀԿ-ն փորձում էր ճգնաժամի նկատմամբ իմունիտետ ձեռք բերել. Խ.Հարությունյան

«Այս հինգ տարիների ընթացքում կոալիցիայի անդամ կուսակցություններից յուրաքանչյուրն էլ տերն ու պատասխանատուն է թե հաջողությունների, թե անհաջողությունների: ՀՀԿ-ի հաջողությունը ընտրություններում պայմանավորված էր նրանով, որ միայն այդ ուժն էր ասում, որ պատասխանատու է անհաջողությունների համար»,- նշեց ՀՀԿ նախընտրական ցուցակում ընդգրկված ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը` «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալվելով:

ԲՀԿ-ի հաջողությունն, ըստ նրա, Գագիկ Ծառուկյանի անկեղծությունն էր ընտրարշավի ընթացքում. «Նա փորձում էր խոսել խնդիրների մասին, ասել իր մտքինը, կիսվել իր ծրագրերով»,- նշեց նա:

Խոսելով Սերժ Սարգսյանի` միանձնյա ընտրարշավը կրելու մասին` Հարությունյանն ասաց, որ նման կարծիք ձևավորվել է միայն այն պատճառով, որ լրատվամիջոցները շրջել են Սերժ Սարգսյանի թիմի հետ ու մեջբերել են նրա խոսքերը, մինչդեռ իրենք շրջել են մի քանի թիմով:

Հանրության հիմնական մասը, ըստ Հարությունյանի, ոչ թե սոցիալական բողոքներ ունեն, այլ դժգոհ են` «այն արատներից, որոնք կրում ենք մեզ հետ արդեն 20 տարի»: «Այսինքն` խոսքը ոչ թե փողի կամ ջրագծի մասին է, այլ` որակական փոփոխությունների: Եվ եթե բոլոր կուսակցությունները խոստանում էին երջանիկ ապագա, ապա Հանրապետականը խոսում էր այդ արատների վերացման փիլիսոփայության մասին»,- ասաց նա:

Տնտեսական նման իրավիճակներով, ըստ Հարությունյանի, կառավարության աշխատանքը գնահատում են ոչ թե ձեռքբերումներով, այլ` հնարավորինս քիչ կորուստներով: «Ճգնաժամը հիվանդության նման է, և կառավարությունը փորձում է գտնել ձև, որ տնտեսությունը ճգնաժամի նկատմամբ իմունիտետ ձեռք բերի»,- նշեց նա: Օրինակ, ըստ Հարությունյանի, կառավարությունը հասկացել է, որ «տնտեսությունը չի կարելի կապել շինարարության հետ, կամ տնտեսությունը պետք է դիվերսիֆիկացնել»:

Մեկնաբանել