102 տոկոս մասնակցությունը մեխանիկական սխալ է եղել. ԿԸՀ նախագահ

Ըստ Տիգրան Մուկուչյանի` «ամբողջ հանրապետությունում առկա չէ որևէ մարզ, որտեղ ներկայացվել է 100 տոկոս մասնակցություն, մասնավորապես Տաշիրն էին օրինակ բերում: Առաջին անգամ ԿԸՀ-ն ըստ տեղամասերի ստանում էր այդ տեղեկությունները՝ էլեկտրոնային եղանակով, ստանալուն պես անմիջապես հրապարակում, չի բացառվում մարդկային գործոնով պայմանավորված սխալի առկայությունը»:

Տիգրան Մուկուչյանը նաև նշել է, որ այն ընտրատեղամասը, որտեղ եղել է 100 տոկոս մասնակցություն, Քրեակատարողական հիմնարկ է եղել: Մեկնաբանելով Արամ Մանուկյանի խոսքը մի գյուղի մասին, ուր 84 ընտրողից ընտրել է 86 մարդ, Տիգրան Մուկուչյանը դա վերագրել է մեծանիկական սխալին ու հավելել. «Խոսքը վերաբերում է 80 ընտրողով գյուղի և ոչ թե ամբողջ մարզի մասին, որը փորձ է արվում ներկայացնել»:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկ իրականացնելու մասին դիմումները ՝ համամասնական ընտրակարգով 17 ընտրական տեղամասերի և մեծամասնական ընտրակարգով՝ 33 ընտրական տեղամասերի վերաբերյալ, քննելով` ԿԸՀ-ն որոշել է. վերահաշվարկ կիրականացվի 50 ընտրական տեղամասերում: «Վերահաշվարկը ներկայացվում է հրապարակային, կարող են մասնակցել դիտորդներ, ԶԼՄ-ներ: Ցուցակներն են հաշվարկվում, քվեաթերթիկները: Այն հաշվարկի գործընթացը, որն իրականացվել է տեղամասերի կողմից, իրականացվել է պարզ, թափանցիկ, մարդիկ տեսնելով այդ պարզ իրավիճակը, հարկ չեն համարել դիմումներ ներկայացնել»,- ասել է նա:

Նշենք, որ նախատեսվում է, որ հինգերորդ գումարման ազգային ժողովի առաջին նիստը կկայանա մայիսի 31-ին, և այն կնախագահի ամենից տարեց պատգամավորը: Առաջին նիստում նաև փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի ԱԺ նոր նախագահը:

Մեկնաբանել