Հետընտրական թուլացում

Անցած շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է միանգամից 2 կետով՝ շաբաթը փակելով ֌393/$1 փոխարժեքով։ Առևտրային շաբաթը ազգային արժույթը սկսել է ևս 1 կետ արժեզրկմամբ։ Դրամի արժեզրկումը կարող էր լինել ավելին, եթե չմիջամտեր ԿԲ-ն։ Անցած շաբաթ «Նասդաք ՕէՄեՔս Արմենիա» ֆոնդային բորսայում վաճառված $11,45 մլն-ի 58%-ը կամ $6,5 մլն-ը բաժին է ընկել ԿԲ-ին։

Ազգային արժույթի՝ անցած շաբաթ սկսած արժեզրկման հիմնական պատճառներից մեկն այն է, որ ապրիլին՝ նախընտրական շրջանում, ԿԲ-ն վարել է դրամի «միջանցքային» արժեզրկման քաղաքականություն և այդ նպատակով բորսայում վաճառել $15,3 մլն (բորսայական վաճառքների մոտ 40%-ը)։ Կենտրոնական բանկի ինտերվենցիաների շնորհիվ ապրիլին $1-ի միջին փոխարժեքը գտնվել է ֌391-392 միջակայքում։

ԿԲ-ի վարած քաղաքականության և անցած շաբաթ զսպման թուլացման հետևանքով երեկ բանկերը $1-ը գնում էին արդեն ֌394-395,25-ով և վաճառում հիմնականում Դ397-ով։ Նման մարժան խոսում է արտարժութային շուկայում ստեղծված անորոշության մասին։

Երեկ բորսայում միջին փոխարժեքը կազմել է ֌396/$1՝ $4,45 մլն ծավալով գործարքների պայմաններում։ Եթե հաշվի ենք առնում, որ գործարքները կատարվել են պահանջակի փոխարժեքով (֌396/$1), այն դեպքում, երբ առաջարկը պատրաստ էր $1-ը վաճառել ֌397-ով, ապա, ամենայն հավանականությամբ, բորսայում վաճառված դոլարների մի մասը բաժին է ընկել ԿԲ-ին։

Նշենք, որ անցած շաբաթ դրամի արժեզրկման պայմաններում աճել է թե՛ դոլարի, թե՛ եվրոյի պահանջարկը։ Այսպես. մայիսի 5-11-ը ընկած ժամանակահատվածում բանկերը վաճառել են $75,1 մլն ($8 մլն-ով ավելի, քան նախորդ շաբաթ) և €12 մլն, այն դեպքում, երբ գնել են ընդամենը €4,2 մլն։

Հետընտրական շրջանում արտարժույթի պահանջարկի աճը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարար ակտիվացմամբ, այնպես էլ դրամի հետագա արժեզրկման ու առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման սպասումներով:

Մեկնաբանել