Փող՝ ամեն գնով

Հայաստանում մակրոտնտեսական պայմանների բարելավումը ոչ միայն դրական ազդեցություն չի ունեցել պետական պարտքի վրա, այլև աջակցել է «բուրգաշինական» միտմանը։ Ներքին պարտքի սպասարկման և պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար կառավարությունը շարունակում է ներքին շուկայից «թանկ» միջոցներ ներգրավել պարտատոմսերի թողարկման ճանապարհով։ Այս տարվա չորս ամիսներին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվել է թողարկումներից ստացված գումարների 23%-ը, 50%-ից ավելին՝ նախկին թողարկումների պարտատոմսերի սպասարկմանը։

Անցած տարի պետական պարտատոմսերի բարձր եկամտաբերությունը ֆինանսների նախարարությունը հիմնավորում էր բարձր գնաճով։ Թեև ներկայում գնաճը զգալիորեն նահանջել է (ապրիլին 12-ամսյա գնաճը կազմել է 1,9%), պետական պարտատոմսերով ներգրաված միջոցները, այդուհանդերձ, շարունակել են թանկանալ։ Ընթացիկ տարում ֆինանսների նախարարության կողմից թողարկված պետական պարտատոմսերի եկամտաբերությունն ավելացել է մոտ 1-տոկոսային կետով։ Ընդ որում՝ եկամտաբերությունն աճել է թե՛ տարեկան կտրվածքով, թե՛ ամսական։

Այսպես. եթե անցած տարվա ապրիլին միջնաժամկետ պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 13,76%, ապա այս ապրիլին 10-ին միջնաժամկետ պարտատոմսերը տեղաբաշխվել են 14,59% միջին եկամտաբերությամբ։ Ընթացիկ տարվա մարտին միջնաժամկետ պարտատոմսեր չեն տեղաբաշխվել, իսկ փետրվարին դրանց միջին եկամտաբերությունը եղել է 14%։

Բուրգաշինությունը նոր թափ է հավաքում
Պետպարտատոմսերի բարձր եկամտաբերության իրական պատճառն այն է, որ ֆինանսների նախարարությունը խնդիր ունի սպասարկելու ներքին պարտքը և ստիպված է միջոցներ ներգրավել ամեն գնով։ Այսպես. ընթացիկ տարվա չորս ամիսներին պարտատոմսերի թողարկումից բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանն ուղղվել է ֌4,5 մլրդ, նախկին թողարկումների պարտատոմսերի հետգնումներին՝ ֌4,75 մլրդ, իսկ սպասարկմանը՝ ֌10,6 մլրդ։ Նշենք, որ ապրիլի վերջին ներքին պարտքը կազմել է ֌215,7 մլրդ՝ այս հունվար-ապրիլին ավելանալով մոտ ֌6 մլրդ-ով։

Ըստ էության՝ ֆինանսների նախարարությունը զբաղված է դասական բուրգաշինությամբ՝ նոր թողարկումներից ստացվող միջոցներն ուղղելով նախկինում կուտակած պարտքի սպասարկմանը։ Արդյունքում պետական պարտատոմսերի շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ֆիննախը կարծես կորցնում է վերահսկողությունը։

Խնդիրն այն է, որ պետական պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվում է դասական եղանակով, եկամտաբերությունը որոշում է առաջարկն ու պահանջարկը, իսկ շուկայում հիմնական խաղորդները հայաստանյան բանկերն են։ Եվ քանի որ ֆինանսների նախարարությունը փողի կարիք ունի, տեղաբաշխման խաղում կանոնները թելադրում է պահանջարկը՝ բանկերը ձգտում են ֆինանսների նախարարությունից ստանալ առավելագույնը։

Նշենք, որ այս տարվա մարտի վերջին բանկային համակարգի ակտիվների 7,3%-ը կամ ֌147,5 մլրդ-ը կազմել են պետական արժեթղթերը, պետական պարտատոմսերի 70%-ը կենտրոնացած է եղել բանկերի ձեռքում։

Հաշվի առնելով այն, որ ընթացիկ տարում պետական պարտատոմսերի թողարկման միջոցով նախատեսված է ֆինանսավորել ֌30 մլրդ-ի դեֆիցիտ և կատարել ֌25,8 մլրդ-ի սպասարկման ծախսեր, ինչպես նաև մարել նախորդ թողարկումների շուրջ ֌65 մլրդ-ի պարտատոմս, ֆինանսների նախարարությունն ամեն կերպ ձգտելու է կատարել «պլանը»։ Մյուս կողմից՝ նախարարության «անելանելի» այս դրությունից օգտվելու է պահանջարկը՝ շարունակելով բարձրացնել պետական արժեթղթերի եկամտաբերությունը։

Այն, որ պետպարտատոմսերի այժմյան եկամտաբերությունը բավական գրավիչ է, վկայում է նաև փաստը, որ յուրաքանչյուր տեղաբաշխմանը արժեթղթերի պահանջարկը մոտ երկու անգամ գերազանցում է առաջարկը։ Մասնավորապես՝ մայիսի 7-ին ֆինանսների նախարարության կողմից թողարկված ֌1,5 մլրդ-ի կարճաժամկետ պարտատոմսերի պահանջարկը կազմել է ֌2,8 մլրդ, ապրիլի 23-ին թողարկված 0,5 մլրդ-ի կարճաժամկետ պարտատոմսերինը՝ ֌1,1 մլրդ։

Ներքին պարտքի սպասարկման ծախսերի ու միջին տոկոսադրույքների աճի, ինչպես նաև դեֆիցիտի ֆինանսավորման պայմաններում առկա է լուրջ ռիսկ, որ առաջիկա տարիներին կսահմանափակվեն անհրաժեշտ ծավալով պետական պարտատոմսեր տեղաբաշխելու կառավարության հնարավորությունները, կամ էլ գործադիրը կդիմի բյուջեի ծախսերի կրճատման, ծայրահեղ դեպքում՝ ներքին պարտքի դեֆոլտի։

Մեկնաբանել