«Սասնա ծռերի» անդամները մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին ազատազրկման

«Սասնա ծռերի» անդամները փետրվարի 24-ին մեղավոր ճանաչվեցին մեղսագրված բոլոր արարքներում։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի կայացրած վճռի համաձայն՝ նրանց նկատմամբ նշանակվեց պատիժ ազատազրկման տեսքով։

Պավել Մանուկյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 10 տարի ժամկետով առանց գույքի բռնագրավման, դատարանը հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում 2 տարուց ավելի կալանավորումը, նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 7 տարի 8 ամիս ժամկետով։ Գրավով ազատ արձակվելու որոշումը դատարանը թողեց անփոփոխ՝ մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը, ինչպես մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոցները։

Վարուժան Ավետիսյանը ևս մեղավոր ճանաչվեց մեղսագրված բոլոր արարքներում։ Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 7 տարի 4 ամիս ժամկետով, նա ևս կմնա ազատության մեջ՝ մինչև դատարանի վճռի ուժի մեջ մտնելը։

Սմբատ Բարսեղյանը, որը մեղադրվում էր 2 ոստիկանների սպանության մեջ, ազատազրկման դատապարտվեց 25 տարի ժամկետով։

Ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանը արդարացվեց՝ մեղսագրված սպանության արարքը ապացուցված չլինելու հիմքով։

Բիլյանը, սակայն, մեղավոր ճանաչվեց զենք և զինամթերք ապօրինի ձեռք բերելու, պատանդ պահելու, գողության համար։ Հանցանքների համակցությամբ նրա նկատմամբ պատիժ նշանակվեց 9 տարի 6 ամիս ժամկետով, դատարանը նշանակված պատժում հաշվակցեց Բիլյանի կալանքի տակ գտնվելու ժամկետը և վերջնական պատիժ նշանակեց 4 տարի 11 ամիս։ Դատավորը նաև վերացրեց նրա նկատմամբ կալանավորումը և խափանման միջոց ընտրեց չհեռանալու մասին ստորագրությունը՝ նրան անհապաղ ազատ արձակելով դատարանի դահլիճից։

Մյուս ամբաստանյալները ևս մեղավոր ճանաչվեցին մեղսագրված արարքներում և դատապատվեցին ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման։ Խմբի անդամ Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց ազատազրկման՝ 7 տարի 6 ամիս, Էդուարդ Գրիգորյանը՝ 6 տարի 6 ամիս, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։ Նրանք բոլորը կմնան ազատության մեջ՝ նախքան դատարանի կայացրած վճռի ուժի մեջ մտնելը։

Դատավոր Մեսրոպ Մակյանը վճռի հրապարակումից հետո պարզաբանեց, որ դատարանում հետազոտված ապացույցները բավարար էին գալու այն եզրահանգման, որ բոլոր ամբաստանյալները մեղավոր են, բացառությամբ Արմեն Բիլյանի մեղսագրված արարքի։ Այնուհետև դատավորը, դիմելով սպանված ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի այրուն՝ Հասմիկ Ոսկանյանին ասաց. «Այս առումով գործը պետք է վերադարձրվի դատախազին, Ձեր ամուսնու սպանության հանգամանքները պարզելու նպատակով»,- նշեց դատավորը։

Դատավոր Մակյանը նաև նշեց, որ խափանման միջոցների փոփոխություն չի կատարել, այսինքն՝ խմբավորման անդամները, բացառությամբ Սմբատ Բարսեղյանի, կմնան ազատության մեջ մինչև դատարանի վճիռը վերջնական մտնի ուժի մեջ։ Եթե կայացրած ակտը չբողոքարկվի, ինչի հավանականությունը քիչ է, ապա կմտնի ուժի մեջ։ Բողոքարկման դեպքում գործը կգնա Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարաններ, այնուհետև կկայացվի վերջնական դատական ակտ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել