Կառավարությունը 1,8 մլրդ դրամով 140 Skoda Octavia է ձեռք բերում

skoda_oktavia

Կառավարությունը ոստիկանության բյուջեում փոփոխությունների թույլտվություն է տալու՝ ոստիկանության պարեկային ծառայության համար անհրաժեշտ շենքերի ու ավտոմեքենաների ձեռք բերման համար։

Ոստիկանությունը 1,785 միլիարդ դրամ կծախսի պարեկային ծառայության 140 ավտոմեքենաներ ձեռք բերելու համար։ Ընդհանուր առմամբ պարեկայինին հատկացվելիք ավտոմեքենաների թիվը պետք է լինի 150, դրանցից 10-ը մատակարավել են, իսկ մնացած 140-ը կմատակարարվեն մինչ հուլիս։ Այսինքն՝ 1 մեքենան կարժենա 12,8 միլիոն դրամ։

140 ձեռքբերվելիք մեքենաները պետք է ունենան դյուրակիր համակարգիչ, տեսախցիկ և ռադիոընդունիչ։ Մեքենաների կահավորումը կատարվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ։

Ըստ ոստիկանության՝ ավտոմեքենաների գնման պայմանագիր կնքվել է 2020-ի սեպտեմբերին «Չեխ ավտո» ընկերության հետ։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ 2020-ի հունվարից այս ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Ալբինա Մովսեսյանը։ Վերջինս քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Արտյոմ Մովսեսյանի կինն է։ «Չեխ Ավտո»-ի ավտոսրահը գտնվում է Երևանի Արշակունյաց պողոտայում, ընկերությունը Չեխիայից նեկրում է «Շկոդա» մակնիշի մեքենաներ։

Ընկերության կոմերցիոն տնօրեն Էվելինա Մակարյանը Սիվիլնեթի հետ զրույցում ասաց՝ կառավարությանը մատակարարվելու են «Շկոդա Օկտավիա» մակնիշի մեքենաներ.

«Եթե շուկան ուսումնասիրեք, կտեսնեք, որ ավելի նորմալ գին է, քան շուկայում առկա նույն մեքենաների արժեքն է»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։

Բացի ավտոմեքենաներից՝ ոստիկանությունը 1 միլիոն դրամ կծախսի ոստիկանության օպերատիվ կենտրոնի շենք-շինությունների նախագծահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար, ևս 118 միլիոն դրամ կտրամադրվի գույքի ձեռքբերման համար։

Մեկնաբանել