Հայաստանը «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկիր է․ The Heritage Foundation

Ըստ The Heritage Foundation-ի տնտեսական ազատության 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը դասվում է «հիմնականում ազատ» տնտեսություն ունեցող երկրների շարքում։

Հնարավոր 100 միավորից Հայաստանը հավաքել է 71,9 միավոր՝ 178 երկրների ցանկում զբաղեցնելով 32-րդ տեղը։ Նախորդ տարվա համաթվի համեմատ՝ Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է դիրքերը։

Հարևան երկրներից տնտեսական ազատության առումով Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվում է միայն Վրաստանը՝ 12-րդ հորիզոնական։ Ադրբեջանը 38-րդ տեղում է, Թուրքիան՝ 76-րդ, Իրանը՝ 168-րդ։ Ամենամեծ տնտեսական ազատությունն ունեցող երկրներն են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան։

Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում տնտեսական ազատության ավելի բարձր մակարդակ ինստիտուցիոնալացնելու համար կառավարությունը պետք է շարունակի ուշադրության կենտրոնում պահել դատական համակարգի արդյունավետության բարձրացման հարցը։ Օրենքի գերակայության ամրապնդումը նույնպես դրական ազդեցություն կունենա ներդրումների ազատության վրա։

Հակոբ Ասլանյան