Կառավարությունը հող օտարեց նախկին փոխքաղաքապետի ընկերությանը

Կառավարությունը մարտի 11-ի իր նիստում որոշեց ուղղակի վաճառքի տեսքով Երևանի Շինարարներ 23 հացեում գտնվող հողն օտարել «Ջիէմ քոնսթրաքշն» ընկերությանը՝ 18-հարկանի երկու շենքեր կառուցելու համար։ Այս հասցեում, ըստ կառավարության, կա 3-րդ աստճանի վթարային շենք, ու ընկերությունը պարտավորվել է նորակառույցում բնակարաններ տրամադրել վթարային շենքի բնակիչներին։ Հողամասը կօտարվի կադաստրային արժեքով՝ 91 հազար դրամով։

Ընկերությունը նախատեսում է 13 միլիոն դոլարի ներդրում կատարել երկու բազմաբնակարան շենքեր կառուցելու համար, որից 16 400 քառակուսի մետրը կզբաղեցնեն շենքերը, իսկ մնացածը կլինի բարեկարգման ենթակա կանաչապատ տարածք։ Ներկայում նշված հասցեի վթարային շենքում բնակվում է 36 ընտանիք և շենքը, ըստ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ենթակա չէ շահագործման ու պետք է քանդվի։

«Ջիէմ քոնսթրաքշն» ընկերությունը հիմնվել է 2019 թվականին։ Ընկերությունն ունի երկու բաժնետեր հավասար բաժնեմասերով՝ Կարեն Դավթյանն ու Արտակ Մարտիրոսյանը։ Կարեն Դավթյանը Երևանի նախկին փոխքաղաքապետն է, Երևանի կենտրոնի կառուցապատման ժամանակ եղել է «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ՊՈԱԿ-ի տնօրեն։ Դավթյանը եղել է նաև Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։ Վերջինիս անվան շուրջ մեծ աղմուկ բարձրացավ այն ժամանակ, երբ ամերիկահայ գործարար Պավել Անդերսոնը հայտարարել էր ու փաստաթղթեր հրապարակել, թե ինչպես է Երևանի կենտրոնի կառուցապատման համար կաշառել նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու նրա տեղակալ Կարեն Դավթյանին (Անդերսոնը պնդում էր, որ Դավթյանին 200 000 դոլար է փոխանցել):

Ընկերության մյուս բաժնետերը Արտակ Մարտիրոսյանն է՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի որդին։ Արտակ Մարտիրոսյանը կառուցապատման ոլորտում արդեն իսկ գործունեություն է ծավալում՝ նրան է պատկանում «Նիգմա գրուպ» ընկերությունը։

«Ջիէմ քոնսթրաքշն»-ը նախատեսում է իր հաշվին ապամոնտաժել վթարային շենքերը և պարտավորվում է մինչև 140 մարդու ներգրավել աշխատանքներին։ Կառուցապատողը հողի առքուավաճառքի պայմանագրով պարտավորվել է ամբողջությամբ կատարել ստանձնած պարտավորությունները, այլապես պիտի հետ վերադարձնի իրեն տրամադրված հողամասը։

Մկրտիչ Կարապետյան

Մեկնաբանել