Որևէ միջոցառում չձեռնարկելու դեպքում 7 օրվա ընթացքում կգրանցվի կորոնավիրուսի 3700 նոր դեպք. մասնագետ

Հայաստանում համաճարակային իրավիճակը կարելի է գնահատել խիստ լարված, վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասել է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

«Վերլուծության արդյունքներով՝ վերջին 14 օրվա տվյալները, եթե համեմատենք նախորդ 14 օրվա հետ, ունենք արդեն 91 տոկոսից ավելի դեպքայնության ցուցանիշի աճ։ Իսկ վարակի վերարտադրողական ցուցանիշը բարձր է 1-ից, այն կազմում է 1.3: Դա նշանակում է, որ եթե մոտակա 7 օրերի ընթացքում որևէ միջոցառում չձեռնարկվի և չբարձրացնենք զգոնությունը՝ անվտանգության կանոնների նկատմամբ, կարող ենք ունենալ լրացուցիչ նոր 3700 դեպք»,- նշել է Աբովյանը:

Հայաստանում մարտի 10-ին կատարվել է 4 285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 748 նոր դեպք: Կատարված թեստերի 17,4 տոկոսը դրական է։

Մեկնաբանել