Մոսկվան և Անկարան «տաքացնում են» հարաբերությունները ատոմային էներգիայով

Գեորգի Միրզաբեկյան

Մարտի 10-ին տրվել է Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի երրորդ էներգաբլոկի շինարարության մեկնարկը։ Հանդիսավոր արարողությանը տեսակապի միջոցով մասնակցել են Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը:

Անկարան և Մոսկվան Թուրքիայում կառուցվող ատոմային էլեկտրակայանի շուրջ համաձայնության են հասել դեռևս 2010 թվականին, սակայն դրա շինարարության մեկնարկը տրվել է միայն ութ տարի անց: «Աքքույու»-ի կառուցումը, գնահատվելով 20 միլիարդ ԱՄՆ դոլար, համարվում է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ամենախոշոր տնտեսական ծրագիրը, որն իրականություն է դառնալու ամբողջովին ռուսական կապիտալի՝ պետական «Ռոսատոմ» խոշոր ընկերության շնորհիվ: Վերջինը միայն 2021թ. փետրվար-մարտ ամիսներին 300 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցել Akkuyu Nükleer դուստր ընկերությանը:

Ատոմակայանը, որն ունենալու է չորս էներգաբլոկ, լինելու է ընդհանուր 4 800 մեգավատ հզորությամբ՝ տարեկան արտադրելով 35 միլիարդ կՎտ/ժ էներգիա, ինչը, ըստ պաշտոնական տեղեկությունների, բավարարելու է Թուրքիայի էներգետիկ կարիքների շուրջ 10 տոկոսը:

«Դրա իրագործման համար օր ու գիշեր աշխատում ենք, և արդեն 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին, պետք է հասնել առաջին էներգաբլոկի շահագործմանը»,- հանդիսավոր բացման արարողության ժամանակ հայտնել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ «դրա իրագործումը կնպաստի տնտեսական այլ ոլորտների զարգացմանը»: էրդողանը, ատոմակայանի կառուցումը համարելով ռազմավարական խնդիր, ընդգծել է ռուս-թուրքական հաջող փոխգործակցությունը նաև Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում:

Ատոմակայանի շահագործումը նախատեսված է 60 տարով, այն կարող է երկարաձգվել ևս 20 տարով: Թուրք պաշտոնյաների փոխանցմամբ՝ ատոմային էլեկտրակայանի կառուցումը իրականացվում է գերժամանակակից տեխնոլոգիաներով՝ հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները:

Ամերիկացի փորձագետ Հենրի Սոկոլովսկու կարծիքով՝ ռուսական կապիտալը կարող է Թուրքիային մեծ կախվածության մեջ դնել Ռուսաստանից: Նա նկատել է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիան միակ երկիրը չէ, որ փորձում է ատոմային էլեկտրակայան կառուցել և դա մի տարածաշրջանում, որտեղ ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է: Սոկոլովսկին նաև նշել է, որ Մերսինի տեղանքը, պայմանավորված սեյսմիկ գոտիով, անբարենպաստ է ատոմային էլեկտրակայանի կառուցման համար:

«Աքքույու» էլեկտրակայանի կառուցումը Ռուսաստանի ազդեցության մեծացման ծիրում է դիտարկել նաև ռուս փորձագետ Դմիտրի Դրիզեն: Նա միաժամանակ նշել է, որ ի հակադրություն դրա՝ Թուրքիան ծավալվում է երբեմնի ռուսական «տիրույթ» համարվող Հարավային Կովկասում:

«Ալ-Ջազիրա» լրատվականին Էներգետիկ ոլորտի անանուն պաշտոնյա հայտնել է, որ Թուրքիան երկրի հյուսիս-արևմուտքում մտածում է կառուցել չորս էներգաբլոկից կազմված նոր ատոմային էլեկտրակայան, որը, սակայն, ունենալու է էներգետիկ ռեսուրսների բազմազանեցման նպատակ:

Որոշ փորձագետներ չեն բացառում, որ Թուրքիան իրականում փորձում է ունենալ միջուկային զենք և այդ համատեքստում պատահական չեն համարում մասնավորապես Պակիստանի և Ղազախստանի հետ ռազմավարական ոլորտի համագործակցությունը. վերջինը արտադրում է աշխարհի ուրանի ռեսուրսների շուրջ 35 տոկոսը։

Մերսինի ատոմակայանի կառուցման դեմ են հանդես եկել Թուրքիայի գլխավոր քաղաքական ուժերից Ժողովրդահանրապետական և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները: Հատկապես քրդամետ ուժը բողոքի ակցիա է իրականացրել՝ բարձրաձայնելով բնապահպանական խնդիրները: Դրան կոշտ արձագանքել է Yeni Şafak օրաթերթը՝ քրդամետ ուժին անվանելով «ահաբեկչական կազմակերպության քաղաքական կցորդ» [նկատի ունենալով Թուրքիայում ահաբեկչական հռչակված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PPK-ն – խմբ․] և մեղադրել նախկինում շրջակա միջավայրը վնասելու մեջ: Մերձիշխանական օրաթերթը և քաղաքական շրջանակները «Աքքույու»-ն ներկայացնում են միայն դրական լույսի ներքո՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ կբավարարվի խոշոր քաղաքների՝ Անկարայի և Իզմիրի ամբողջ էլեկտրամատակարարումը:

Մեկնաբանել