Մինչև հունիսի 1-ը արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է ավարտված լինեն․ Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ մինչև հունիսի 1-ը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտված լինեն։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Սա նշանակում է՝ առաջիկա տասն օրում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի։ Հունիսի 1-ից հետո մենք չենք կարող երաշխավորում ունենալ, որ խորհրդարանում վարչապետի թեկնածուի ինքնառաջադրումներ չեն լինի։ Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է, և արագ հանգուցալուծում է պետք»,– ասաց Մարուքյանը։

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կոնսենսուսի հնարավորություն կա, բայց դեռ հստակ չի կարող ասել` կոնսենսուս կա։ Ավելին, կոնսենսուսը կկայանա, եթե ընտրությունները կայանան իրենց նշած ժամկետում, իսկ եթե չէ, ապա, ըստ Մարուքյանի, վերջ, այդ թեման կարող են փակված համարել և անցնել հաջորդ հարցին։

Մարուքյանի խոսքով` այժմ արտահերթ ընտրությունների գնալը չեղարկելու պատրվակ իշխանությունը չունի, և կարծես թե դրան գնալու կամք է նկատում իշխանության շրջանում:

Մարտի 13-ին նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ստեղծված ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծում իբրև իրավիճակի հանգուցալուծում՝ քննարկվել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Ավելի վաղ արտահերթի անցկացումը նախագահը քննարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մեկնաբանել