Թոշակները քննարկվում են սեղանին

Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր կուտակային բաղադրիչը պետք է ներդրվի 2014թ. հունվարի 1-ից։ Կամավոր կուտակային բաղադրիչի ներդրումը դեռ դանդաղում է։ ԿԲ-ում կարծում են, որ վերջինիս նկատմամբ մասնավոր հատվածի պասիվությունը պայմանավորված է նաև իրազեկման պակասով։ Այդուհանդերձ, «Կոնվերս բանկ»-ը սկսել է առաջարկել կամավոր կուտակային համակարգի սխեմա՝ կենսաթոշակային ավանդ։ «Արդշինինվեստբանկ»-ը դեռ պատրաստվում է առաջարկել նման սխեմա։

Երեկ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ, կազմակերպել էր կլոր սեղան քննարկում՝ «Կենսաթոշակային ակտիվների պահառությունը և կենսաթոշակային ֆոնդի ներդրումային քաղաքականությունը» թեմայով։

ԱՄՆ-ից հրավիրված հիմնական զեկուցող, արժեթղթերի շուկայի ավագ փորձագետ Ռոբերտ Սթրահոտան, խոսելով պարտադիր կուտակային համակարգի մասին, նշեց, որ այդ համակարգում կարևոր դերակատարություն ունի պահառուն։ Նա ֆոնդի ակտիվների պահառության ծառայություն մատուցող անձ է, որը ֆոնդի կառավարչի հետ կնքված պայմանագրի հիման վրա ի պահ է ընդունում, պահպանում և հաշվառում է ֆոնդի ակտիվները, իրականացնում ֆոնդի ակտիվների կառավարման հետ կապված գործարքների սպասարկում և դրանց հիման վրա ակտիվների փոխանցում։ Նա նաև վերահսկում է կառավարչի գործունեությունը՝ ի շահ ֆոնդի մասնակիցների:

Փորձագետի կարծիքով՝ պարտադիր կուտակային համակարգի հուսալիության տեսակետից պահառուները չեն կարող փոխկապակցված լինեն ֆոնդի կառավարչի հետ։ «Պահառուն այսպես կոչված ֆոնդի աուդիտորն է, որը, ի տարբերություն աուդիտորական ընկերության, չի ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ։ Նա պարզապես վերահսկում է, որ ֆոնդի կառավարիչները միջոցները ճիշտ ծախսեն կամ տեղաբաշխեն՝ օրենքով սահմանված կարգով»,– ասաց Սթրահոտան։ Նա նշեց նաև, որ օրենսդրական մակարդակով Հայաստանում պահառուների ինստիտուտը բավական լավ է կարգավորված, որոշ դեպքերում պահանջներն ավելի խիստ են դրված, քան սահմանված է ԵՄ նախագծային դիրեկտիվներով։

Ռոբերտ Սթրահոտան նշեց նաև, որ Հայաստանում պահառուի գործառույթների իրականացումը կարող են ստանձնել բանկերը, քանի որ նրանք ունեն մասնագիտական բավարար փորձ։ Բացի այդ՝ ծառայությունը նրանց լրացուցիչ եկամուտներ կապահովի։

Կամավորներ այդպես էլ չկան
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Օրակարգ»-ի հարցին, թե հաշվի առնելով եվրոգոտու պարտքային խնդիրները, ինչպես նաև առաջիկա հինգ տարում նոր ճգնաժամի առաջացման ռիսկերի վերաբերյալ Standard & Poors վարկանշային գործակալության կանխատեսումը՝ Կենտրոնական բանկը չի պատրաստվում արդյոք հանդես գալ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով՝ խստացնելով ֆոնդի ակտիվների ներդրման ուղղությունները, ԿԲ-ի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը նշեց, որ պետք է հստակ տարբերակել ԿԲ-ի և կառավարության պատասխանատվությունը։

«Ակտիվների ներդրման այն սահմանափակումները, որոնք վերաբերելու են կամավոր և պարտադիր կուտակային համակարգերին, օրենքով լիազորվել է կառավարությանը»,– ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված են ներդրումների ընդհանուր ուղղությունները, իսկ չափաբաժինները, ըստ արժեթղթերի տեսակների, կարգավորվում է կառավարության որոշմամբ։

Նշենք, որ անցած տարի կառավարությունն ընդունել է կամավոր կուտակային համակարգի ակտիվների ներդրման ուղղություններին վերաբերող որոշում։ Այժմ գործադիրի քննարկմանն է ներկայացված պարտադիր համակարգին առնչվող որոշման ևս մեկ նախագիծ։

«Ինչ վերաբերում է հնարավոր խնդիրներին, դժվարություններին, այդ թվում՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրներում, ես դա չեմ բացառում։ Բայց մենք ուսումնասիրել ենք աշխարհի փորձը 30 տարվա կտրվածքով, և տեսել, որ նման դեպքերում որոշ ժամանակ անց իրավիճակը վերականգնվել է։ Ճգնաժամից նրանք միշտ դուրս են եկել օգուտով, քանի որ ներդրումներն իրականացվում են դիվերսիֆիկացված. ակտիվների կառավարիչները ներդրումները գրագետ են կազմակերպում և ռիսկերի դեպքում կատարում են վերաբաշխումներ»,– պարզաբանեց Չիլինգարյանը։

Անդրադառնալով կամավոր կուտակային համակարգի ներդրման դանդաղման հարցին՝ Չիլինգարյանը նշեց, որ կամավոր կուտակային ֆոնդերի գրանցման խնդիրը նաև իրազեկման պակասն է։ «Կոնվերս բանկ»-ն արդեն սկսել է առաջարկել կամավոր կուտակային համակարգի սխեմա՝ կենսաթոշակային ավանդ։ «Արդշինինվեստբանկ»-ը պատրաստվում է կիրառել կուտակային սխեմա։ Ըստ էության՝ մենք արդեն ունենք կենսաթոշակների կամավոր կուտակային սխեմաներ»,– ասաց Չիլինգարյանը։

Նշենք, որ թեև անցած տարվա 2-րդ կիսամյակում ԿԲ-ն և կառավարությունն ավարտել են կամավոր կուտակային համակարգի իրավական դաշտի ձևավորումը, տնտեսավարողներն այդպես էլ չեն շտապում ԿԲ-ում գրանցել կամավոր կուտակային ֆոնդի կառավարիչներ։
Նշենք նաև, որ 2014թ. ներդրվելիք պարտադիր կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն միայն 30 տարի անց։

Մեկնաբանել