Երկու ընտրակարգով էլ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ստանալ բավարար ձայներ․ Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն (ԲՀԿ) առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, որը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը․ մարտի 26-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա անդրադարձավ ընտրակագի ընտրությանը, շեշտեց, որ «խաղը իշխանության դաշտում է»։

«Նրանք են սահմանում այդ կանոնը, ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին։ Մեզ համար շատ ավելի կարևոր է՝ այդ ընտրությունները լինեն ազատ ու արդար, և վարչական որևէ ռեսուրս չկիրառվի, ինչի ահազանգերը մենք ստանում ենք»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ իշխանությունը խորհրդարանում ունի մեծամասնություն և առանց կոնսենսուսի էլ կարող է որոշել ընտրակարգը։

ԲՀԿ-ի համար «առաջնային խնդիրն է, որ ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծվի»։ Բացի այդ, ըստ Զոհրաբյանի, իրենց ուժը հանրային շրջանակում ունի այնքան մեծ վստահության քվե, որ երկու ընտրակարգի դեպքում էլ կարող է ստանալ բավարար ձայներ։

Անդրադառնալով վարչական ռեսուրսի օգտագործմանը՝ պատգամավորը մատնանշեց, որ մարտի 20-ին Արագածոտնի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն «առաջնագիծ էին բերվել երեխաները». «Ինձ համար ծիծաղալի են բոլոր այն մեկնաբանությունները, որ երեխաները, իմանալով` վարչապետն է եկել, շտապել էին նրա հետ հանդիպման»։

Հարց հնչեց, թե արդյոք պատգամավորը մտավախություն չունի՞, որ հունիսի 20-ի ընտրությունները կչեղարկվեն։

«Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ տեսակը՝ վաղը կարող է նա հայտարարել, որ հանրային պահանջ չկա ընտրությունների։ Այս տարիների ընթացքում նա մի քանի անգամ տարբեր հայտարարություններ է արել, օրինակ՝ կիսանախագահական համակագի մասին։ Ընտրությունների վերաբերյալ էլ նա մի քանի անգամ փոխել է իր տեսակետը։ Ես միանշանակ չեմ կարող պնդել, որ վաղը կամ մյուս օրը ինչ-ինչ պատճառնելով, օրինակ, կրոնավիրուսի թվի աճ, սահմանային լարվածություններ, նա միտքը չի փոխի»,- նշեց Զոհրաբյանը։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել