«ՀՀ դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը»

ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթով է հանդես եկել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ։

«Այժմ մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն առավել հրամայական է դարձնում տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը։ Միաժամանակ այդ զարգացումները ի ցույց դրեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա: Պատերազմից հետո Հայաստանի արտգործնախարարությունը ձեռնամուխ եղավ ստեղծված նոր իրավիճակում ՀՀ մոտեցումների մշակմանը, որոնք առաջին անգամ համապարփակ կերպով ներկայացվեցին դեկտեմբերի սկզբին՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ։ Այդ մոտեցումները ենթադրում են.

● Արցախի կարգավիճակի որոշում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա,

● Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում,

● Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիա,

● Վերջերս տեղահանված բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր,

● Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանությունը:Հայկական կողմի առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում նաև Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը՝ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ու նրա կառույցների ուղղակի ներգրավվածությամբ: Ադրբեջանի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման խոչընդոտումը խստագույնս դատապարտելի է, և ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով հումանիտար խնդիրների թեթևացման ուղղությամբ: Անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի շարքում է ադրբեջանական կողմի պատանդառության մեջ գտնվող հայ գերիների անհապաղ և անվտանգ հայրենադարձումը: ԱԳՆ-ն իր ուշադրության կենտրոնում է պահում ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը: Այս առնչությամբ համապատասխան աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են իրականացվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Հայաստանի Հանրապետության դիվանագիտության գերակայությունների շարքում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը, և Հայաստանը շարունակում է հանդես գալ որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջամարտիկ: Այս ուղղությամբ կարևոր ձեռքբերում կարելի է համարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ՀՀ հեղինակած ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի կոնսենսուսային ընդունումը»։

Մեկնաբանել